211652_close_icon
views-count11463 դիտում article-date 09:18 07-03-2017

Օրեբրոյի ոստիկանությունում մահացած ՀՀ քաղաքացու իրավահաջորդների հայցը կներկայացվի դատարան. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 6–ին Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանությունում մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդների հայցն ընդդեմ շվեդ ոստիկանների այս շաբաթ կներկայացվի դատարան: Այս մասին «Փաստին» ասաց մահացած ՀՀ քաղաքացու հայրը՝ Մանվել Բարսեղյանը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ իրենք լիովին միայնակ են մնացել իրենց ցավի հետ ու շվեդ ոստիկանների անարդարության դեմ: Ըստ շվեդական ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` եղել է գողության փորձի ահազանգ մսամթերքի խանութից: «Հետո փաստաբանները գնացել, հարցրել են՝ ուր է գողոնը, պարզվել է գողոն չկա, ասել են՝ գողության փորձ է եղել, հետո դա էլ է հերքվել»,– պատմեց հայրը՝ շարունակելով. «Տղաս Շվեդիայի ոստիկանությունում վատ է զգացել, ընկերները մեքենայով արագ հասցնելուց են եղել հիվանդանոց, ոստիկանները կանգնեցրել են, էդ պահին տղաս հետ է տվել ու ընկել է գետնին, որ ընկել է, մի կին ոստիկան եկել ոտքով խփել է, ասել է՝ բարձրացիր, դերասանություն մի արա, դուք էմիգրանտներ եք, մեր կյանքը կերել եք: Տղաս ասել է՝ մի բաժակ ջուր տվեք, վատ եմ զգում, ջուր էլ չեն տվել, որից հետո նա մահացել է ոստիկանությունում»,- պատմեց երիտասարդի հայրը: ՀՀ ԱԳՆ–ից «Փաստի» հարցմանը, թե ինչ է արել ԱԳՆ–ն և Շվեդիայում ՀՀ դեսպանատունը՝ պատասխան պահանջելու, թե ինչու է նման վերաբերմունք եղել ՀՀ քաղաքացու հանդեպ, պատասխանել են, որ Շվեդիայում ՀՀ դեսպանությունը հայտագիր է ներկայացրել Շվեդիայի ԱԳՆ՝ խնդրելով տրամադրել դեպքի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն և ծառայողական քննության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը։ Հայտագրի մեկ օրինակ էլ ուղարկվել է Շվեդիայի կենտրոնական ոստիկանություն։ «Փետրվարի 10–ին, ի պատասխան դեսպանության գրավոր և բանավոր հարցման, Օրեբրոյի ոստիկանությունից ստացվել է հարուցված գործի մասին որոշման և Դ. Բարսեղյանի մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության կենտրոնի նախնական եզրակացության (մահվան պատճառը փափուկ ուղեղաթաղանթում ինքնաբուխ արյունազեղում, ինչն առավել արտահայտված է աջ կիսագնդի ճակատային մեկ և քունքային երկու բլթերում) պատճենները։ Արտաքին ազդեցություն և այլ անձի անփութության հետևանք, ըստ նախնական եզրակացության, չկա։ Հարցի առնչությամբ փետրվարի 14–ին Շվեդիայում ՀՀ դեսպանորդ Արշակ Մանուկյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Յոն Օստրյոմ Գրյոնդհալի հետ»։ Նշենք, որ 32-ամյա Դավիթ Բարսեղյանը երկու մանկահասակ երեխաների հայր էր: [b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր