211652_close_icon
views-count97247 դիտում article-date 10:53 28-02-2017

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանը բացում է փակագծերը

[b]- Պարո՛ն գեներալ, այսօր Սումգայիթյան ողբերգության զոհերի հիշատակի օրն է: Դաժան այդ դեպքերից երեք տասնամյակ անց ի՞նչ որակում կարելի է տալ Սումգայիթում կատարվածին:[/b] - Դա միանշանակ ցեղասպանություն էր՝ 1915-ի ցեղասպանության շարունակությունը: Թուրքը թուրք է մնում, թուրքը չի քաղաքակրթվում: Այդ բանը նրանք ապացուցեցին ինչպես 1988-ին, այնպես էլ՝ նախորդ տարվա ապրիլյան պատերազմի ժամանակ, նաեւ՝ 2 օր առաջ: Այդ բանը նրանք ապացուցում են ամեն օր: [b]- Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեին ի՞նչ գնահատական կտաք:[/b] - Շնորհավորում եմ Արցախի ժողովրդին եւ իշխանությանը կազմակերպված ձեւով, օրինական ճանապարհով ընտրական պրոցեսներ իրականացնելու համար: Եթե թուրքն ամեն օր ապացուցում է իր թուրքությունը, ապա Արցախն ամեն օր ցուցադրում է, որ ինքն առավել օրինական, օրինապաշտ, ժողովրդավար, մարդու իրավունքները հարգող պետություն է, քան իրեն բռնակցել ձգտող Ադրբեջանը: Արցախն ամեն օր հիմնավորում է, որ ինքը երբեւէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում: [b]- ԵԿՄ 11-րդ համագումարի վերաբերյալ իրարամերժ գնահատականներ հնչեցին: Իսկ Դուք վերլուծություն արե՞լ եք, գո՞հ եք արդյունքներից: [/b] - Համագումարը գնահատեց նախորդ շրջանում կատարված աշխատանքներն ու նախանշեց բոլոր ուղղություններով առաջիկա չորս տարվա անելիքները: Շատ կարճ ձեւակերպեմ: Մենք շարունակելու ենք աջակցել զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին, շարունակելու ենք երիտասարդ եւ պատանի երկրապահների հայրենասիրական դաստիարակության ծրագրերը, շարունակելու ենք պաշտպանել եւ պահպանել հայոց անկախությունն ու պետականությունը, միշտ լինելու ենք Հայաստանի, Արցախի սահմանամերձ բնակավայրերի ժողովրդի, սահմանապահ զինվորի կողքին: Նորընտիր վարչության կազմում էլ հայ ազգի բոլոր խավերի ներկայացուցիչներ կան, քանի որ Երկրապահը հենց աշխարհասփյուռ հայ ազգի կառույց է: Վարչության կազմն ընդլայնեցինք՝ ընդգրկելով մեզ հետ գործակցության հուշագրեր ստորագրած կառույցների ներկայացուցիչներին: [b]- Իսկ Ինչո՞վ բացատրել հանգամանքը, որ Դուք ընդգրկվեցիք ՀՀԿ համապետական ցուցակում, մի շարք երկրապահներ էլ ռեյտինգայինով են առաջադրվել:[/b] - Հերթական անգամ պարզաբանեմ՝ Հանրապետականը Երկրապահի կուսակցությունն է, երկրապահ կուսակցություն է: ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանը երկրապահ ազատամարտիկ է եղել: ՀՀԿ առաջնորդներից է եղել ԵԿՄ հիմնադիր, Սպարապետ Վազգեն Սարգսյանը: Երկրապահ էր, մեր վարչության անփոփոխ անդամ էր Անդրանիկ Մարգարյանը: Եվ վերջապես, երկրապահ է, պատերազմի բովով անցած ազատամարտիկ է ՀՀԿ ներկա նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: [b]- Մարտի 5-ը Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Դարձյա՞լ ճոխ միջոցառումներով եք այն նշելու։[/b] - Մարտի 5-ը երկրապահական օրացույցում տոնական է։ Վազգեն Սարգսյանը հայ ազգի պատմության ամենավառ անհատականություններից է։ Նա ե՛ւ Երկրապահի հիմնադիր ու հավերժ նախագահն է, ե՛ւ հայոց պետական բանակի հիմնադիրն ու առաջին պաշտպանության նախարարը։ Նա էր, իր վճռականությունն էր, որ կարողացավ միավորել երկրապահ կամավորական ջոկատները։ Սպարապետն էր, որ կազմակերպեց ինքնապաշտպանությունն ու բանակի ձեւավորումը, որ կազմակերպեց մեր ռազմական հաղթանակն ու տարածքների ազատագրումը։ Սպարապետի կազմակերպական ջիղի, անմնացորդ հայրենասիրության եւ նվիրվածության շնորհիվ է, որ հայ ազգը, դարերի ընդմիջումից հետո, հայրենյաց տարածքներ ազատագրեց, ընդարձակեց, ոչ թե փոքրացրեց հայրենիքի սահմանները։ Եվ այս ամենը հաշվի առնելով՝ մենք Սպարապետի ծննդյան օրը հռչակել ենք նաեւ պատանի երկրապահների երդման օր։ Արդեն տասներորդ անգամ պատանիների երդման արարողությունն անցկացվելու է մարտի 5-ին, ընդ որում՝ արդեն երրորդ անգամ արարողությունն անցկացնելու ենք Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Զուգահեռաբար արարողություներ են կազմակերպվելու բոլոր տասը մարզերում։ Մեր պատանիներն ու աղջիկները երդվելու են տեր լինել հայոց արդար պահանջատիրությանը, տեր լինել պետությանը, առաջնորդվել այն արժեքներով, որ որդեգրել էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Մարտի 5-ն, ի դեպ, մայր եկեղեցու օրհնությունն էլ ունի։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կարգադրությամբ այդ օրը հայ առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվում է պատանի երկրապահ կամավորականների օրհնության կարգ։ Իսկ տոնական միջոցառումները սկսելու ենք վաղ առավոտից՝ ԵԿՄ վարչության շենքում ծաղկադրում ենք անելու Սպարապետի կիսանդրու եւ ի պատիվ Սպարապետի կանգնեցված խաչքարի մոտ։ Այնուհետեւ այցելելու ենք Արարատ՝ Վազգենի օջախում, իր ծնողների հետ շնորհավորելու նրա ծննդյան օրը։ Մեր սրբազան պարտքն ու պարտականությունն է Գրետա մայրիկի առաջ խոնարհվելն ու շնորհակալություն հայտնելը, որ մեր Մեծ մայրիկը մեր ազգին Սպարապետ է պարգեւել։ Մարտի 5-ին երկրապահական պատվիրակությունները այցելելու են Հայաստանում, Արցախում, Սփյուռքում կանգնեցված Սպարապետի հուշարձաններին, այցելելու ենք բոլոր եղբայրական գերեզմաններ, պանթեոններ, վերականգնված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներին, բոլոր պատմական հուշարձաններ։ Պատանի երկրապահի երդման արարողություններ էլ, Երեւանին զուգահեռ, անցկացվելու են բոլոր տասը մարզերում։ Մարտի 5-ը Երկրապահի տոնն է, երկրապահ հայ ագի տոնն է, եւ մենք շնորհավորելու ենք համայն հայությանը։ [b]- Իսկ Երկրապահում այսօր հատուկ ուշադրություն դարձվո՞ւմ է Վազգեն Սարգսյանի ծրագրերի իրագործմանը։ [/b] - Երկրապահը Վազգենի տունն է, Վազգենի հիմնած օջախն է։ Այստեղ ամեն ինչ վազգենավարի է։ Մենք համարում ենք, որ Վազգենը կենդանի է, եւ նրա անպարտ ոգին մեզ առաջնորդում է։ Այն ամենը, որ արվում է Երկրապահում՝ սկսած բանակին զորակցելուց, զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներին աջակցությունից մինչեւ երկրապահական եռասերունդ ընտանիքի կայացում եւ պատանիների, երիտասարդների հայրենասիրական դաստիարակության ծրագրեր, այս ամենը Սպարապետի իղձի իրականացումն է։ Սպարապետն էր ասում, որ պետք է կայացնենք պատանեկան կառույցը, որ հայ երեխան պետք է դպրոցից իմանա իր ազգի պատմությունը, իմանա, թե ինքն ով է, որտեղից է գալիս եւ ուր է գնում։ Այսօր մենք հպարտորեն կարող ենք Սպարապետին զեկուցել, որ իր գաղափարների ժառանգորդների հսկայական բանակ ունենք, բազմահազար երիտասարդներ եւ պատանիներ Երկրապահում կրթվում, դաստիարակվում են այն արժեքներով, որոնց կողմնակից էր Սպարապետը։ Ես հպարտորեն կարող եմ ասել՝ քո գաղափարներն անմահ են, Սպարապե՛տ, դո՛ւ անմահ ես՝ Սպարապե՛տ։ Հայրենասիրական դաստիարակությունը ԵԿՄ տարածքային բաժանմունքների պատանեկան կառույցներում եւ դպրոցների «Պատանի երկրապահ» ակումբներում մատուցվում է անընդհատ, ողջ ուսումնական տարվա ընթացքում, իսկ ամառային արձակուրդներին այդ նպատակով օգտագործում ենք ճամբարային հավաքները։ Փառք Աստծո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ արդեն ունենք ճամբարի հիմնական, սեփական տարածք՝ Գեղարքունիքի մարզի անտառային գեղատեսիլ վայրում։ Այստեղ եռասերունդ երկրապահները զուգահեռում են հանգիստն ու դասընթացները, պարապմունքները։ [b]- Գարնան բացումը դարձյալ վազգենավարի՞ եք անելու։ [/b] - Իհարկե՛։ Տեսնո՞ւմ եք՝ որքան գեղեցիկ ավանդույթներ է հիմնադրել Սպարապետը։ Հարգելու ենք իր սահմանած կարգը։ Մարտի 1-ին երկրապահները բոլոր տեղերում լավաշ, պանիրով, ձվով ու թարխունով տոնելու են գարնան գալուստը։ Երկրապահական ստվար մի պատվիրակություն պարտադիր այդ միջոցառումը կիրագործի Աշտարակի ձորի հենց այն հատվածում, ուր ամեն տարի մարտի մեկին լինում էր Սպարապետը։ Մարտը հարուստ է գեղեցիկ տոներով, որոնցից մեկն էլ կանանց տոնն է՝ մարտի ութը: Ես նախօրոք շնորհավորում եմ մեր մայրերին, կանանց, քույրերին, դուստրերին գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ: Շնորհավորում եմ հերոսներ ծնող հերոս մայրերին, հատկապես՝ մեր Մեծ մայրիկին՝ Գրետա մայրիկին: [b]- Եվ վերջին հարցը՝ հետաքրքիր մի զուգադիպությամբ ԱԺ ընտրությունների քարոզարշավը մեկնարկում է հենց մարտի 5-ին։ Ի՞նչ է քարոզելու Երկրապահը։ [/b] - Երկրապահը քարոզելու է միասնություն, համախմբում, համերաշխություն։ Լինենք միասնական, եւ դրական, հայանպաստ լուծում կստանան բոլոր-բոլոր պրոբլեմները։ Պատմությունն է ցույց տվել՝ երբ միաբան ու համերաշխ ենք եղել, մեզ ոչ մի ոսոխ չի կարողացել հաղթել։ Երբ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը միահամուռ ջանքերով միասնական ծրագիր է իրագործում, այդ ծրագիրը պարտադիր հաղթանակում է։ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ՝ ահա ամենակարեւորը, որ Երկրապահը մաղթում է մեր ժողովրդին։ [b]Բացառիկ հարցազրույցը՝ Գագիկ Շամշյանի[/b]

Նմանատիպ նյութեր