211652_close_icon
views-count1511 դիտում article-date 16:27 16-02-2017

«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրենը այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

ՀՀ պաշտպանության նախարարության և «Լույս» հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցության համատեքստում՝ փետրվարի 16-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) այցելեց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը: Հյուրին ընդունեց ՊԱՀՀ-ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը: Նա կարևորեց «Լույս» հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ Հիմնադրամի կրթաթոշակառուները սովորում են աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում և տարբեր բնագավառներում կիրառում իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման ու խնդիրների լուծման գործին։ Նա նշեց, որ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ-ի երիտասարդ գիտնական-վերլուծաբանները, որոնք իրենց մասնագիտական որակավորումները բարձրացնում են աշխարհի առաջատար հետազոտական կենտրոններում ու համալսարաններում, հետևում են «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին և ս.թ. հունվարի 25-ին մասնակցել են նաև ՀՀ ՊՆ-ում իրականացված ՀՀ ՊՆ-ի և «Լույս» հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացված «Գաղափարների մրցույթին»: Այնուհետև պրոֆեսոր Քոթանջյանը Ժաքլին Կարաասլանյանին ներկայացրեց ՊԱՀՀ-ի ստեղծման գործընթացը, ՊԱՀՀ-ի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները: Տարածաշրջանում բնույթով եզակի հետազոտական համալսարանի նպատակն է Հայաստանի անվտանգային-պաշտպանական համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը՝ հետազոտական և կրթական գործունեության կամրջմամբ: Համալսարանի խնդիրների շարքում են տարածաշրջանային անվտանգության դինամիկայի, կիբեռանվտանգության, տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների, ռազմավարական խաղերի, ինչպես նաև կիբեռթվային ռեսուրսների կառավարման ուղղություններով հետազոտությունների կատարումը: Դրանց հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացվում են համապատասխան վերլուծություններ և առաջարկություններ, ինչը նպաստում է պետության ղեկավար կազմի քաղաքական-անվտանգային գիտելիքների ընդլայնման ապահովմանը: Իր գործունեության ընթացքում ՊԱՀՀ-ը կազմակերպել է մի շարք ռազմավարական-քաղաքական ֆորումներ և համաժողովներ՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի առաջատար մասնագետների ու բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ՝ Հայաստանը այդպիսով դարձնելով Հարավային Կովկասում կառուցողական երկխոսության եզակի ու կարևոր հարթակ աշխարհաքաղաքական տարբեր բևեռների, քաղաքական ու մասնագիտական շրջանների, մտավոր և ուժային կենտրոնների միջև։ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը տպավորված էր հանդիպմամբ և ՊԱՀՀ-ի կողմից իրականացվող ծրագրերով: Նա գոհունակություն հայտնեց ճանաչողական այցից և հույս հայտնեց, որ «Լույս» հիմնադրամի և ՊԱՀՀ-ի միջև համագործակցությունը կշարունակվի: ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Նմանատիպ նյութեր