2419 դիտում
21:50 15-02-2017
Ինչ անենք, պետք է խելացի անենք. Կարեն Կարապետյան
Այսօր՝ փետրվարի 15-ին, ԵՊՀ ուսանողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը կարևորել է հասարակության հետ հետադարձ կապը, քաղաքացիական ակտիվությունը և կառավարության գործունեության վերաբերյալ պարբերական ազդակները: «Ձեզ հետ հանդիպումը մեր թիմի համար չափազանց կարևոր է, որովհետև նույնիսկ Խորհրդային միության տարիներին ԵՊՀ դասախոսները, ուսանողները տարբերվել են շատ ազատամիտ լինելով, լավ իմաստով ըմբոստ և չհարմարվող լինելով», - ասել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող աշխատանքները՝ յուրաքանչյուր ոլորտի խնդիրների ախտորոշում, զարգացման տեսլականի մշակում, կառավարման համակարգի խնդիրների վերլուծություն, կառավարման սուբյեկտների մաքսիմալ թվայնացում, ներդրումային ծրագրերի ամփոփում և հաշվետվողականության ու թափանցիկության բարձրացում: Գյուղատնտեսության, առողջապահության, ՏՏ, տարածքային կառավարման ոլորտների օրինակով Կարեն Կարապետյանն առարկայորեն խոսել է նախատեսվող բարեփոխումների մասին: Անդրադառնալով ակնկալվող ներդրումների ծավալին՝ վարչապետն ասել է, որ կառավարության կողմից հավաքագրվել և վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից և ճյուղային նախարարություններից։
«Մենք ուսումնասիրել ենք 471 ծրագիր, որից 345-ն իրատեսական է, որի ընդհանուր փաթեթը 3,2 միլիարդ ԱՄՆ դոլար է, որից 2017 թ. համար իրատեսական ենք համարում 830-840 միլիոնը: Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր և գործընկեր. ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից և մասնավոր հատվածից: Դա չի նշանակում, որ եթե տարեվերջին 830 միլիոն ԱՄՆ դոլարի հաշվետվություն չտանք՝ թերացել ենք, բայց դա այն ներուժն է, այն հորիզոնը, որը մեր առջև դնում ենք: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ բացի այդ 3,2 միլիարդից, այս պահին կառավարությունում քննարկում ենք ևս 79 ծրագիր՝ 5,3 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում այս հարցին, որովհետև տպավորություն կա, որ Հայաստանում փող ներդնելը, փող աշխատելը, շահույթ հետապնդելն անհնար է: Մենք այս պահին հստակ ծրագրերով ցույց ենք տալիս, և դուք կարող եք մեր կայքէջում տեսնել», - նշել է կառավարության ղեկավարը:
Իր խոսքում վարչապետն ընդգծել է, որ կառավարության գործունեությունը միտված է անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ երկիր ունենալուն:
«Մենք պետք է մի երկիր ստեղծենք, որտեղ գործ անող մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը, յուրաքանչյուր մարդ, ով ներուժ ունի, իրեն բավարարված և հանգիստ զգա: Մենք խելացի չլինելու հնարավորություն կամ շքեղություն չունենք: Ինչ անենք, պետք է խելացի անենք: Տարածաշրջանը, հարևանությունը, տրանսպորտային լոգիստիկան՝ ամեն ինչ պարտադրում է, որպեսզի մենք լինենք խելացի և կիրթ: Մեր հիմնական կապիտալը մարդն է, և նա պետք է լինի գրագետ, խելացի, հաշվարկելու ունակություն ունեցող: Այդ իսկ պատճառով ինձ համար չափազանց կարևոր է, թե ոնց ենք գնում, ուր ենք գնում, և երբ եք դուք մեզ միանալու», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ուսանողներին տեղեկացրել է, որ այսօր տրվում է Start up-երի համար նախաձեռնության մեկնարկը: «Մենք մրցույթ ենք հայտարարելու և պատրաստ ենք ֆինանսավորել ԵՊՀ ուսանողների այն բիզնես ծրագրերը, որոնք առաջին երեք տեղին կարժանանան: Նաև թիմը համալրելու խնդիր ունենք, ցանկացած նախաձեռնություն ընդունելի կլինի մեր կողմից: Մենք պատրաստ ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում քննարկել մեր երկրի զարգացմանը վերաբերող յուրաքանչյուր գաղափար», - նշել է կառավարության ղեկավարը՝ կոչ անելով ուսանողներին օգտագործել այդ հարթակն իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:
Հարցուպատասխանի ընթացքում վարչապետը պատասխանել է ուսանողների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ կառավարության ծրագրերին, պետական համակարգում երիտասարդների ներգրավվածության ավելացմանը, ուսանողական ակտիվության խթանմանը, բուհ-աշխատաշուկա կապի ձևավորմանը, առաջադիմությամբ պայմանավորված զեղչային համակարգի կիրառմանը, բուհական համակարգի սերնդափոխությանը, երիտասարդ մասնագետներով համալրմանը և որակական բարեփոխմանը, գիտության ֆինանսավորմանը, պետական կառավարման ապարատի օպտիմալացմանը, տարածքային համաչափ զարգացմանը, ինչպես նաև ներքաղաքական և հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր:
Պատասխանելով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված չլինելու վերաբերյալ հարցին՝ Կարեն Կարապետյանն ասել է. «Ինձ համար անակնկալ չէ, որ «Հանրապետական» կուսակցության ցուցակում չեմ: Կուսակցության ցուցակում չեմ կարող հայտնվել, որովհետև կա սահմանափակում, որին ես չեմ բավարարում: Եթե մեր ընտրողը հավատա մեզ, մեր նախընտրական ծրագրին, որը ներկայացնելու ենք հանրությանը, մեր այն տեսլականին, թե ինչ ենք ուզում անել, ինչպես ենք տեսնում մեր երկրի զարգացումը, և այդ իրավունքը «Հանրապետական»-ը ձեռք բերի, որպեսզի ինքը ձևավորի կառավարություն, կարծում եմ, որ «Հանրապետական»-ն այսօրվա կառավարության գործող թիմին շարունակելու հնարավորություն կտա»:
Անդրադառնալով ՀՀ զինված ուժերին վերաբերող և, մասնավորապես, ապրիլյան պատերազմի համատեքստում հնչած հարցերին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողների ընտանիքների համար գոյություն ունի ծրագիր, որն իրականացնում է Պաշտպանության նախարարությունը՝ հստակ բյուջեով և ձևակերպված անելիքներով: Ե´վ պետությունը, և´ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի բարոյական պարտավորություններ ունեն այդ ընտանիքների նկատմամբ, և մենք պետք է հետևողական լինենք այդ հարցում»:
Պատասխանելով ուսանողներից մեկի այն հարցին, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն՝ վարչապետն ասել է. «Պետությունն ունի օրենքներ, որոնք խախտելու ինդուլգենցիան ոչ ոք չունի։ Այլ հարց է, որ մենք կարող ենք օրենքները մեկ-մեկ մեկնաբանել, մեկ-մեկ մեկի վրա կիրառել, մեկի վրա չկիրառել: Դա էլ է իրականում վատ պրակտիկա, բայց եթե մենք պարբերաբար էմոցիոնալ փորձենք օրենքները մեկնաբանել, լավ բանի չենք հասնի»:
Ամփոփելով հարցուպատասխանը՝ վարչապետը կոչ է արել ուսանողներին գրավոր ներկայացնել իրենց առաջարկությունները և մասնակցել կառավարություն-հասարակություն արդյունավետ հետադարձ կապի ձևավորմանը: «Ես բազմիցս եմ ասել՝ ակտիվ եղեք, ձեր կարծիքը հայտնեք, հարմարվող մի եղեք: Ակտիվ մասնակցեք մեր նախաձեռնություններին կամ դուք էլ նախագծեր ներկայացրեք», - ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը նաև շրջայց է կատարել ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոնում, Start up լաբորատորիաներում, ինչպես նաև վերջերս վերանորոգված մարզահամալիրում, ծանոթացել աշխատանքներին և ծրագրերին:
Նմանատիպ նյութեր
1432 դիտում
19:25 15-01-2024
Շիրակի Մարմաշեն բնակավայրում կիրականացվի «Խելացի համայնք, խելացի գյուղ, խելացի բնակիչ» ծրագիրը
5626 դիտում
19:24 28-09-2016
Եթե մենք ստվերը դաշտ չբերենք, ինչ ուզում է անենք, երկիրը երկիր չենք դարձնի. վարչապետ Կարեն Կարապետյան
Այս բաժնից
835 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան