211652_close_icon
views-count2873 դիտում article-date 20:35 09-02-2017

Սփյուռքահայ ներդրողների մասնակցությամբ տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 9-ինՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայաստանում ներդրումներին՝ սփյուռքահայերի մասնակցությունը» թեմայով կլոր-սեղան քննարկում, որին մասնակցեց ավելի քան 40 գործարար: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ողջունելով ներկաներին՝ նախարարը կարևորեց սփյուռքահայ գործարարների ակտիվ մասնակցությունը Հայաստանի և Արցախի տնտեսության աշխուժացմանն ու առաջընթացին: Նա մասնավորապես նշեց. «Այսօր հայկական երկու պետությունից զատ՝ ունենք տնտեսական հստակ քաղաքականություն, հարկային ու մաքսային լրամշակված օրենքներ»: Դիմելով գործարարներին՝ նախարարը հավելեց. « Շնորհակալություն, որ եկաք, հաստատվեցիք Հայրենիքում, չվախեցաք դժվարություններից, բերեցիք ձեր փորձը, գիտելիքները, կառավարման հմտությունները, աշխատատեղեր ստեղծեցիք, նպաստեցիք տնտեսության զարգացմանն ու աշխուժացմանը: Մեծագույն հայրենասիրություն է Հայրենիքում ապրելն ու աշխատելը»: Քննարկման մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը: Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ներդրումային միջավայրը, ներդրումային քաղաքականությունը՝ պարոն Խաչատրյանը շեշտեց. «Ներդրումները կատարվում են այնտեղ, որտեղ կան հնարավորություններ»: Հայաստանում հարկային և մաքսային արտոնություններին, բիզնես միջավայրի զարգացման համար հարկային նոր օրենսգրքի առավելություններին, դժվարություններին և խնդիրներին առնչվող հարցերի մասին ելույթ ունեցան ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ Վահագն Լալայանը, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ոլորտի բաժնի պետ Լիլիթ Մովսիսյանը, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ Գայանե Կիլիմյանը, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ավագ հարկային տեսուչ Գեղամ Ղուլիջoղլյանը: Իրենց բիզնես ծրագրերը և հաջողության հասնելու բանաձևը ներկայացրին Synopsys Armenia ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Նաիրյան» բնական կոսմետիկա արտադրող ընկերության հիմնադիր Արա Մարկոսյանը /ԱՄՆ/, Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչյանը, տեքստիլի արտադրության «ՎԿՍ Արմենիա»-ի ներկայացուցիչ, գործարար Քրիստիան Գելիջին /Նիդրելանդներ/, «Մեգերյան Կարպետ» ընկերության հիմնադիր Րաֆֆի Մեգերյանը /ԱՄՆ/, շոկոլադի արտադրության «Գուրմե Դուրմե» ընկերության հիմնադիր Դիրան Բաղդադյանը, /Ավստրիա/, «VanArdi wines» հիմնադիր, տնօրեն Վարուժան Մուրադյանը /ԱՄՆ/, «Karas» գինու գործարանի վաճառքի պատասխանատու, «Semina Consulting»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Վահե Քեոշքերյանը /Լիբանան/, «ԱրմԱս» գինու գործարանի ներկայացուցիչ Մերի Սահակյանը: Քննարկվեցին Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարներին, Գյումրիում և Շիրակի մարզում ներդրումների հեռանկարներին, Սփյուռքի հետ կազմակերպված միջոցառումների փորձին, արդյունավետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց ներկայացուցչական և արդյունավետ քննարկումը, տեղին և արժեքավոր առաջարկություններն ու հարցադրումները: Նա նշեց. «Այնտեղ որտեղ կա սփյուռքահայի ներդրում, ջանք և աշխատանք, կա որակ, գրագետ մենեջմենթ, ձևավորում, մատուցման ձև: Դուք բերում եք լավագույնը, որի կարիքը մենք ունենք: Շնորհակալություն»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր