211652_close_icon
views-count28835 դիտում article-date 09:59 05-02-2017

Պարգև արժանավորին. Սեյրան Չիլինգարյանը պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սեյրան Արծրունու Չիլինգարյանը ծնվել է 1960թ. մայիսի 28–ին Շամշադինի շրջանի Իծաքար գյուղում: 1968– 1978թթ. սովորել է Նավուրի միջնակարգ դպրոցում: 1978-1980 թթ. ծառայել է Խորհրդային բանակում: 1981-1988թթ. Շամշադինի շրջանի հասարակական սննդի օբյեկտներում զբաղեցրել է ադմինիստրատիվ պաշտոններ: 1988-1990թթ. որպես ավտոտեխսպասարկման համալիրի վարիչ աշխատել է անմիջականորեն սահմանի վրա գտնվող Այգեպար գյուղում և այդ ընթացքում անմիջականորեն ներգրավվել է ինչպես սահմանների մարտական հերթապահություն կատարող խմբերին ու ջոկատներին նյութապես օգնելու, այնպես էլ տեղում ջոկատների կազմակերպման գործընթացների մեջ: Մասնակցել է Ադրբեջանից հայազգի փախստականներին ընդունելու և ժամանակավորապես ապաստան տալու գործընթացին, ինչպես նաև նյութական աջակցություն է ցույց տվել պատանդների ու դիակների փոխանակության աշխատանքներին: Համագործակցել է շարժման տվյալ ժամանակաշրջանի առաջնորդ Մուշեղ Ասրյանի (թաղված Անդրանիկի արձանի մոտ) և ՀԱԲ–ի շամշադինյան թևի հրամանատար Անդրանիկ Ջուլհակյանի (Ադանայի` Անդոի) հետ, ով հետագայում դարձավ Երևանի պարետը: Իր աշխատանքին զուգահեռ զբաղվել է բենզինի ներկրմամբ, ինչի շնորհիվ կարողացել է մեծ ֆինանսական ու նյութական օգնություն ցուցաբերել ինչպես բուն մարտական-պաշտպանական խնդիրներ կատարող ջոկատներին, այնպես էլ առանձին համայնքներին: 1991թ.-ին Շամշադինի շրջանի աշնանացանը կազմակերպելու նպատակով տրամադրել է մեծաքանակ վառելիք: Ճարել է մեծ տրամաչափի հրանոթներ ու արկեր և տեղափոխել Շամշադին: Քանի որ աշխատանքը դժվար էր և կատարվում էր ծանր ու վտանգավոր պայմաններում, աշխատանքին մասնակցում էին ոչ միայն անհատներ ու ֆիդայիններ, այլ նաև Երևանի ուսանողական հանրակացարաններում բնակվող շամշադինցի ուսանողները: 1992 թ-ին կարևոր դեր է խաղացել ՀԱԲ-ի ազատամարտիկ Անդրանիկ Ջուլհակյանի շինծու դատավարության ճիշտ հանգուցալուծման գործում: 1992 թ-ին Բերդի հյուրանոցում գումարված նիստում ընտրվել է Շամշադինի «ՀԱԲ» ջոկատի թիկունքի գծով տեղակալ: 1994թ.-ից մոտ մեկ տարի Սեյրան Չիլինգարյանը որպես տնտեսական բաժնի պետ աշխատել է Արարատյան տարածաշրջանային մաքսատանը: 2007թ.-ից «Երկրապահ կամավորականներ»-ի միության Աջափնյակ համայնքի տարածքային կառույցի անդամ է: 2010թ.-ից, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ Տավուշի մարզային կառույցի ղեկավարն է, իսկ 2013թ.-ից, նաև կառույցի փոխնախագահը: Պատահական չէ, որ 2016-ի Ապրիլյան պատերազմը նույնպես նրան տարավ առաջնագիծ: Սկզբնական շրջանում, կրկին այցելեց Տավուշի շրջանի սահմանապահ գյուղեր և զբաղվեց հումանիտար աշխատաքներով, ինչից հետո՝ միացավ Արցախի հարավային սահմանները հսկող սահմանապահ զինվորների թիկունքում գտնվող կամավորական ջոկատներից մեկին: Ամուսնացած է, ունի 2 զավակ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սեյրան Արծրունու Չիլինգարյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Շնորհավորում ենք նվիրյալ հայորդուն և մաղթում նորանոր ազգօգուտ աշխատանքներով լի, երկարաատև, առողջ և բեղուն կյանք: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր