211652_close_icon
views-count4936 դիտում article-date 17:21 04-02-2017

«Նա դասական մտավորականի փայլուն օրինակ է»․ Արամ Սիմոնյան

Փետրվարի 3-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ռեկտորատի նիստ, որը նվիրված էր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ պրոֆեսոր, Կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանի 70-ամյակին: Պրոֆեսորին շնորհավորելու, նրա վաստակը ևս մեկ անգամ արժևորելու էին եկել նրա գործընկերներն ու մտերիմները: Համալսարանականների անունից հոբելյարին նախ շնորհավորեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով ընդգծեց, որ Ռուբեն Հարությունյանը, գրեթե հավասարապես տիրապետելով և՛ բնական, և՛ հումանիտար գիտություններին, դասվում է դասական մտավորականների շարքը: «Վաստակաշատ պրոֆեսորի վաստակի ցուցանիշները չեն սահմանափակվումգիտական աստիճաններով ու կոչումներով: Մեծ է նրա ավանդը հայկական գենետիկայի դպրոցի համընդհանուր ճանաչման գործում: Նա այն գիտնականներից է, ում հաջողությունները շռնդալից են ինչպես տեսության, այնպես էլ կիրառական բնագավառում: Տպագրվելով արտասահմանյան ամենահեղինակավոր գիտական ամսագրերում՝ նա ոչ միայն անձնական մեծ համբավ է ձեռք բերում, այլև միջազգային հարթակներում ճանաչելի դարձնում Մայր բուհը»,- ասաց Արամ Սիմոնյանը: ԵՊՀ ռեկտորն առանձնակի շեշտադրումով անդրադարձավ Ռուբեն Հարությունյանի՝ երիտասարդ կադրերի պատրաստման գործում ունեցած մեծ ավանդին, ինչպես նաև գիտնականի մարդկային տեսակը բնորոշող հատկանիշներին: «Նա ոչ միայն փայլուն գիտնական է, այլև հոյակապ ընկեր, նրբանկատ գործընկեր և հոգատար մանկավարժ: Երջանիկ եմ, որ հնարավորություն ունեմ վայելելու ձեր ընկերությունը»,- նշեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և ԿԳ նախարարության մեդալ հանձնեց հոբելյարին: Պրոֆեսորին շնորհավորեցին և գիտական նորանոր հաջողություններ մաղթեցին նաև համալսարանական մյուս գործընկերները՝ խոսելով նրա ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային որակների մասին: «Շնորհակալ եմ հնչեցրած ջերմ խոսքերի համար: Բոլոր հաջողություններիս մեջ մեծ ներդրում ունեն Մայր բուհը, ինչպես նաև իմ գործընկերներն ու հարազատները, մասնավորապես ծնողներս»,- ամփոփեց Ռուբեն Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր