211652_close_icon
views-count19396 դիտում article-date 11:26 20-01-2017

2014 թ.-ի այս օրը զոհվել է ՀՀ ԶՈՒ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը

2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23: 50-ից մինչև 00: 15-ի սահմաններում, Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր։ Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են մեծ խմբով, սակայն Արմենը նկատել է դիվերսանտներին, զգուշացրել զինակիցներին և սկսել դիմադրությունը։ Նույնիսկ ծանր վիրավոր վիճակում նա չի ընկրկել և շարունակել է դիմադրությունը։ Դա հայկական ուժերին հնարավորություն է տվել արագ կազմակերպվել և դեն շպրտել թշնամուն, պատճառելով մեծ քանակի կորուստներ։ Արցախի Հանրապետության զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը։ Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանով Ա. Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Այդ պարգևի ամենաերիտասարդ մեդալակիրն է։ Հայկական Կիբեր Բանակի կողմից հարձակման են ենթարկվել ադրբեջանական շուրջ 30 կայքեր, ինչը հաջորդել է ադրբեջանցի հաքերների հարձակմանը։ Հայկական Կիբեր Բանակն ադրբեջանական մի շարք կայքերում տեղադրել է հերոսացած կրտսեր սերժանտ Ա. Հովհաննիսյանի լուսանկարը՝ հետևյալ գրառմամբ՝ «Հայկական Կիբեր Բանակ, Ի հիշատակ Արմեն Հովհաննիսյանի», ինչպես նաև հայրենասիրական երգեր։ Հունվարի 28-ին ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը Ա. Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, նույն զորամասի երկու զինծառայողներ՝ Արիության մեդալով, ևս չորսը Մարտական ծառայության մեդալով։

Նմանատիպ նյութեր