Ավտովթար Երևանում. «Իդեալ համակարգ» խանութ-սրահի մոտ 30-ամյա վարորդը Mercedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել փայտաշեն կրպակին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Նար-Դոսի  և Ռոստոմի փողոցների խաչմերուկում՝ «Իդեալ համակարգ» խանութ-սրահի մոտ, Երևան քաղաքի Սարի Թաղի 3-րդ շարքի 14 տան բնակիչ Պատվական Հովսեփյանը իր վարած Mercedes մակնիշի 34 FL 770  համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել փայտաշեն կրպակին: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Պ. Հովսեփյանը և ուղևորը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են ուղևորի ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
                                            
                    
                                            
                        
            


