211652_close_icon
views-count12213 դիտում article-date 23:56 31-12-2016

Աստված օրհնի մեր հայրենիքը, օրհնի մեր ժողովրդի կյանքը. Ն.Ս.Օ.Տ.Տ . Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը` Ամանորի կապակցությամբ

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Տարեմուտի շեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից աղոթքով եւ Ողորմած Աստծո շնորհների հայցով Հայրական Մեր սերը եւ օրհնությունն ենք բերում ենք ձեզ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս: Հույսով ու բարի ակնկալիքներով դիմավորում ենք 2017 թվականը` հրաժեշտ տալով մեր ժողովրդի համար հուզումներով դժվարին տարվա: Մեկ անգամ եւս ապրեցինք պատերազմի, ռազմական սադրիչ գործողությունների տագնապները եւ կորուստների ցավը, նաեւ՝ ամսավերջի այս օրերին: Ականատես եղանք եւ սխրանքներին մեր զավակների, որ անառիկ պահպանեցին մեր երկրի սահմանները: Զգացինք քաջալերությունը հայրենիքը պաշտպանելու պատրաստ մեր ժողովրդի միասնականության: Անցնող տարում հաղթահարեցինք նաեւ ներքին անկայունության սպառնալիքը՝ հաստատելով օրինականությամբ խնդիրները վճռելու մեր ուղին: Այս մարտահրավերներով ու հայրենական մեր կյանքի բոլոր դժվարություններով հանդերձ՝ մեր ժողովուրդը Աստծո օրհնությամբ արարեց, բարիք ստեղծեց, ի սփյուռս աշխարհի տոնեց անկախ մեր պետականության 25-րդ տարեդարձը, զորավիգ կանգնեց ու սատարեց պատերազմական նեղությունները կրող սիրիահայությանը: Հայրենիքում եւ սփյուռքում մեր ժողովուրդն ապրեց առ հայրենին սիրով, հույսով լավատես, որ նորոգյալ կյանքով, իր աշխատանքով, տաղանդով ու ձեռքբերումներով կերտելու է իր բարօր, լուսավոր ներկան ու ապագան: Գոհություն ենք հայտնում Երկնավորին, որ մեր ժողովրդի զավակները կարեւորեցին իրենց հոգեւոր աճը, զորացրեցին իրենց հավատքն ու քրիստոնեական ճանաչողությունը, որին ուղղված է մեր Եկեղեցու ընդարձակվող գործունեությունը: Քրիստոնեական մեր հավատքի լիուլի դրսեւորումը այն ժայռեղեն հիմքն է, որի վրա շարունակ պիտի բարձրանա մեր կյանքը եւ ունենա ներուժը՝ հաղթանակներ կերտելու: Տարեմուտը հրավեր է նորոգության, վերափոխվելու, հրաժարվելու անցյալի սխալներից ու բացթողումներից: Մեր հորդորն է, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, որ քրիստոնեական սիրով, հայրենաշեն ջանքերով, մեր երկրում կայունության պահպանման եւ օրինականության ամրապնդման նախանձախնդրությամբ մասնակցություն բերենք մեր պետական ու հասարակական կյանքի զորացմանը եւ ի սփյուռս աշխարհի մեր ազգային եւ եկեղեցական անդաստանի շենացմանը: Ծառայենք միմյանց, ծառայենք մեր հայրենիքին, որի օրհնյալ կյանքը պիտի կերտենք, ծառայենք մեր ազգին, որ բազում հույսեր ունի իրագործելու: Օգնական լինենք նեղյալներին եւ կարոտյալներին: Միմյանց հանդեպ սերը, բարի նպատակն ու գործը Աստված անտես չի անում: Հանձնառության այս ոգով դիմավորենք 2017 թվականը: Համայն հայոց հոգեւոր նվիրական կենտրոն Սուրբ Էջմիածնից Մեր աղոթքն ենք բարձրացնում, որ Աստված օրհնի մեր հայրենիքը, օրհնի մեր ժողովրդի կյանքը ի սփյուռս աշխարհի, անվտանգ ու անհաղթ պահպանի մեր բանակի զինվորներին ու սպաներին, օրհնի հիշատակը հայրենիքի համար զոհված Մեր քաջարի զավակների եւ ամուր ու անխաթար պահի խաղաղությունը մեր երկրի սահմաններին: Խաղաղություն ենք մաղթում ողջ աշխարհին, խաղաղություն՝ Մերձավոր Արեւելքին, Սիրիային, Իրաքին: Թող մեր Փրկչի առատ շնորհները, ուրախություն, երջանկություն, բյուր բարիքներ հեղվեն ձեր կյանքից եւ ձեր ընտանիքներից ներս, սիրելիներ: Պահպանեք ձեր հավատքը, պահպանեք ձեր հայրենասեր, ազգանվեր ոգին, հոգ տարեք միմյանց, հոգացեք հավիտենական կյանքի համար, որ ունենք Հիսուս Քրիստոսով: Մաղթում ենք բարի, օրհնյալ տարի բոլորիդ: Շնորհավոր նոր տարի:

Նմանատիպ նյութեր