211652_close_icon
views-count3328 դիտում article-date 17:15 21-12-2016

Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2016 թվականի ընթացքում գյուղմթերքի արտահանումների և մթերումների ընթացիկ արդյունքները: Ըստ այդմ` 2016 թվականի ընթացքում մթերվել է 171 հազար տոննա պտուղ-բանջարեղեն և խաղող, այդ թվում` 40 300 տոննա բանջարեղեն, 20 900 տոննա պտուղ և 109 800 տոննա խաղող: Փոխնախարարը նշել է, որ նախքան մթերումների գործընթացի մեկնարկը` վերամշակող ձեռնարկությունները գյուղացիական տնտեսությունների հետ կնքել են շուրջ 13 000 պայմանագիր, որի շրջանակում տրամադրվել է 282 մլն դրամի աջակցություն և բուժանյութեր: Անդրադառնալով մթերումների դիմաց վճարումների կատարմանը` Մակարյանը նշել է, որ 2016 թվականին մթերվել է շուրջ 7 մլրդ դրամի պտուղ-բանջարեղեն, որից այս պահի դրությամբ վճարվել է 6,3 մլրդ դրամը կամ 83,6 տոկոսը: Մնացած գումարները վերամշակողների հավաստիացմամբ կնքված պայմանագրերի և վճարման ժամանակացույցերի համաձայն առաջիկայում կմարվեն: Մակարյանն ընգծել է, որ խնդիրներ կան 2015 թվականին խաղողի մթերումների դիմաց վճարումների կատարման մասով: Այս պահին չկատարված պարտավորություններ ունեն թվով 6 ընկերություններ, որոնցից 5-ը (Սիսավանի գինու գործարան, «Արենի վայն», «Մարան»,«Շատո Առնո», «Շահնազարյան») մինչև տարեվերջ պարտավորվել են մարել պարտքերը: Անդրադառնալով «Վինար» ընկերության պարտքերին, որի պատճառով գյուղացիները բազմիցս բողոքի ցույցեր են կազմակերպել, փոխնախարարը տեղեկացրել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած պարտավորությունները չկատարելու համար ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: «Սա նախադեպ է, քանի որ նախարարությունը մշտապես փորձել է աշխատանքային մթնոլորտում կարգավորել խնդիրները, սակայն սա բացառիկ դեպք էր, որը կարծում եմ հետագայում զսպաշապիկ կդառնա անբարեխիղճ մթերողների համար: Այս պահին չեմ ցանկանում որակումներ տալ, նախաքննությունը կպարզի հանգամանքները, սակայն մեղավորները պետք է անպայման պատասխանատվության ենթարկվեն: Նման իրավիճակների կրկնություն թույլ չտալու համար պետք է նաև գյուղացիների իրավագիտակցությունը բարձրանա, նրանք պետք է պահանջատեր լինեն իրենց ոտնահարված իրավունքներին»,- մասնավորապես նշել է Ռոբերտ Մակարյանը: Փոխնախարարի խոսքով` ընկերությունը հայտարարել էր, որ ունի 47 մլն դրամի պարտք, սակայն նախարարությունը պարզել է, որ պարտքը փաստացի հասնում է շուրջ 100 մլն դրամի, որը կուտակվել է ընկերության ղեկավարության անփույթ և անպատասխանատու աշխատանքի արդյունքում: Մակարյանը հավելել է, որ գործարանատերը սկզբնապես պատճառաբանում էր, որ չի կարողանում իրացնել սպիրտը, նախարարությունը շուրջ 1,5 ամիս բանակցություններ է վարել տարբեր կազմակերպությունների հետ, գնորդներից մեկի հետ գործարքը չի կայացել, այնուհետև նոր գնորդ է գտնվել, սակայն պարզվել է, որ փաստացի «Վինարը» սպիրտ չունի: Մակարյանը տեղեկացրել է, որ հաջողվել է վերոնշյալ ընկերությունից վերցնել 16,5 մլն դրամի սպիրտ, որը գնել է Պռոշյանի գինու գործարանը, մարզպետից ստացվել են գյուղացիների ցուցակները, հաշվեհամարները, և այդ գումարը առաջիկայում կփոխանցվի պարտատերերին: Ասուլիսի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև ընթացիկ տարում գյուղմթերքի արտահանման ցուցանիշները: Ըստ այդմ` 2016 թվականին նախորդ տարվա համեմատ գյուղմթերքի արտահանումների ծավալը կրկնապատկվել է. դեկտեմբերի 21-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 143 հազար տոննա տոննա պտուղ-բանջարեղեն 2015 թվականի ամբողջ տարվա 73700 տոննայի դիմաց: Նրա խոսքով` արտահանման ծավալների շուրջ 85 տոկոսը բաժին է ընկել Ռուսաստանին, որն ավանդաբար համարվում է տեղական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան: Անդրադառնալով Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) գործող գյուղատնտեսական տոնավաճառներին` Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 30-ը, դրանք կգործեն ամենօրյա ռեժիմով: Նախարարի տեղակալը նաև հավելել է, որ տոնավաճառներում հատուկ տաղավարներ կտրամադրվեն նաև ճամբարակցիներին` «Աշտարակ կաթ» ընկերության կողմից մթերած կաթի դիմաց տրամադրած ռոքֆոր տեսակի պանիրը իրացնելու համար: Ընթացիկ տարում մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, կազմակերպվել է 98 տոնավաճառ, որին մասնակցել են շուրջ 13 700 գյուղացիական տնտեսություններ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր