ՀՀ ոստիկանության հերթական պարզաբանումը՝ «Ժողովուրդ» թերթի հերթական հրապարակման վերաբերյալ
ՀՀ ոստիկանությունը կրկին անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի հերթական հրապարակմանը, որում, մասնավորապես, ասվում է.
««Ժողովուրդ» օրաթերթը այսօր էլ, հերթական անգամ, հանդես է եկել, մեղմ ասած՝ չիմացության «հերթական» դրսևորումով:
Թերթը «ոստիկանական խախտում» է վերնագրել մի տեղեկություն, որը բացարձակապես կապ չունի ոստիկանության հետ:
Կրկին ստիպված ենք այդ լրատվամիջոցին մատների վրա բացատրել ամենատարրական բաները: Այս անգամ անցնենք հապավումների վերծանմանը: Պետական պահպանության ծառայություն անվանումով ստորաբաժանում ոստիկանության կազմում գոյություն չունի: Կա Պարեկապահակետային ծառայության գունդ, որը որպես առանձին միավոր գնումներ չի իրականացնում:
Անկեղծ ասած, ամենուր ոստիկանություն փնտրելու, չգտնելու դեպքում էլ՝ հորինելու «Ժողովուրդ»-ի այս մտասևեռումը արդեն խիստ հետևողական է ու մտահոգիչ…»։