211652_close_icon
views-count2584 դիտում article-date 13:38 19-12-2016

Արցախի հանրահռչակումը՝ վարպետաց դասերի օրակարգում

Հայաստանի լրագրողներն ու մեդիամասնագետները վարպետության դասեր են անցկացրել Արցախում գործունեություն ծավալող 15 երիտասարդ լրագրողների համար։ Դեկտեմբերի 16-18-ն անցկացված ծրագրի շրջանակներում Արցախի լրագրողները Ծաղկաձորում հանդիպել են «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի, Լրատվական ռադիոյի ծրագրերի տնօրեն Գարեգին Խումարյանի, հանրային կապերի մասնագետ, ditaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Հայկ Հակոբյանի, Հանրային հեռուստաընկերության արտաքին կապերի բաժնի ղեկավար Էրիկ Անթառանյանի հետ Վարպետության դասերի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Կոտայքի մարզպետի տեղակալ Կարեն Մարգարյանը, ով մեծապես կարևորել է նման ձևաչափով միջոցառումների անցկացումը և լրագրողների անընդհատ վերապատրաստումը։ Վարպետության դասերը վերաբերում էին մեդիակառավարմանը, ժամանակակից մեդիաների զարգացմանն ու առկա միտումներին։ Խոսվել է այն մասին, թե 21-րդ դարում ինչ պետք է անել, որպեսզի հնարավոր լինի արտադրել միջազգայնորեն համադրելի լրատվական արտադրանք՝ մրցունակ լինելու համար։ Արամ Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը նկատել է, որ լրագրությունը մասնագիտություն է, որ գտնվում է անցյալի, ներկայի և ապագայի հատման կետում։ Եթե նախկինում լրագրությունն ավելի շատ տեղի ունեցածի մասին տեղեկատվության փոխանցումն էր, ապա այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների և մրցակցության զարգացմանը զուգահեռ ժուռնալիստիկան եկել է դեպի ներկա և գնում է դեպի ապագա։ Ըստ Անանյանի՝ շատ մոտ ապագայում մենք գործ ենք ունենալու կանխատեսվող ժուռնալիստիկայի հետ։ Արամ Անանյանն անդրադարձել է նաև լրատվական դաշտում սոցցանցերի դերին։ Ժուռնալիստիկան, ըստ բանախոսի, այլևս միայն հումանիտար մասնագիտություն չէ, այն սերտորեն առնչվում է նաև տեխնոլոգիաների հետ։ «Արմենպրեսի» ղեկավարը նաև մի քանի խորհուրդ է տվել արցախցի իր գործընկերներին։ «Աշխարհում շատ քիչ կետեր կան, որոնք մնացել են չբացահայտված։ Այս առումով Արցախը մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Սակայն մրցակցային լինելու համար անհրաժեշտ է գրել միջազգային չափանիշներին համապատասխան, գրել հետաքրքիր»,- խորհուրդ է տվել Արամ Անանյանը՝ նշելով նաև կոնկրետ այն ոլորտներն ու թեմաները, որոնք ուշագրավ են միջազգային լսարանի համար։ Գարեգին Խումարյանը խոսել է լրագրության ոլորտում առկա նորարարությունների, առցանց հեռարձակումների, աուդիո արտադրանքի մասին։ Նա ներկայացրել է ռադիոհեռուստատեսության ձևաչափը, այն կիրառելու մեթոդները և այլն։ Ի դեպ, Գարեգին Խումարյանն Արցախի հանրային ռադիոյի ներկայացուցչի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել, որ արդեն այս շաբաթ Լրատվական ռադիոն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի՝ օգնելով Արցախի հանրային ռադիոյի միքանիժամյա առցանց հեռարձակումը դարձնել շուրջօրյա։ Հայկ Հակոբյանն Արցախի իր գործընկերների հետ քննարկել է մամուլ-պետական գերատեսչություններ հարաբերությունների, հանրային կապերի, հանրային հաղորդակցության առանձնահատկություններին առնչվող թեմաները։ Էրիկ Անթառանյանն էլ խոսել է ժամանակակից հեռուստատեսության զարգացման, Հայաստանի հանրային հեռուստատեսության փորձի ու համաշխարհային հեռուստամիտումների մասին։ ԼՂՀ ժուռնալիստների միության անդամ, Արցախի պետական համալսարանի լրագրության բաժնի դասախոս Արտակ Ղուլյանը նշում է արցախյան լրատվական դաշտի առանձնահատկությունը․ արցախցի լրագրողները տեղ չեն տալիս սենսացիաներին։ Նա նկատում է, որ շրջափակումը, ճգնաժամերն իրենց ազդեցությունն են թողնում լրատվական դաշտի վրա։ Արտակ Ղուլյանի հավաստմամբ՝ իր գործընկերները՝ որպես պատերազմող երկրի լրագրողներ, մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց աշխատանքին. «Եվ սա ոչ թե այն պատճառով, որ վախ, գրաքննություն կամ թեմաների սահմանափակում կա, այլ խոսում է պատասխանատվության մասին։ Նրանք գիտակցում են, որ իրենց խոսքից շատ բան է կախված Արցախի հետագա կառուցման գործում»։ Արտակ Ղուլյանն ընդգծում է նաև հայաստանցի գործընկերների հետ հանդիպման անհրաժեշտությունը՝ նկատելով, որ փորձի փոխանակումը միշտ կարևոր և ուսանելի է։ Նա հույս է հայտնել, որ նման ծրագրերը շարունակական կլինեն։ Նշենք, որ լրագրողների վարպետության դասերը կազմակերպվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, «Արցախպրես» լրատվական գործակալություն ՀԿ-ի, «Արմենպրես» լրատվական գործակալության և Արցախի ժուռնալիստների միության համագործակցության արդյունքում։ Տեղեկացնենք նաև, որ դեկտեմբերի 18-ին Արցախի լրագրողները Ծաղկաձորից մեկնել են Երևան, որտեղ այցելել են «Արմենպրես» լրատվական գործակալություն՝ ծանոթանալով իրենց գործընկերների աշխատանքին։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Նմանատիպ նյութեր