211652_close_icon
views-count1132 դիտում article-date 19:31 14-12-2016

Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցը նշել է հիմնադրման 55-ամյակը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցի հիմնադրման 55-ամյա հոբելյանի առթիվ կայացած միջոցառմանը: Հանդիսավոր արարողության շրջանակում կրթօջախի սաները ներկայացրել են դպրոցի ավելի քան կեսդարյա ուղին՝ զարգացման տարբեր փուլերը, ձեռքբերումներն ու նոր ծրագրերը: Ողջունելով ներկաներին ու շնորհավորելով կրթօջախի հիմնադրման 55-ամյակի առթիվ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին՝ հայրենասեր ու հայրենանվեր սերունդ դաստիարակելու համար: «Մանկավարժի աշխատանքն իրականում առաքելություն է, որը դժվար է միայն խոսքերով գնահատելը: Ձեզ վստահված է հայրենասեր ու հայրենանվեր սերունդ կրթելու պատասխանատու գործը, ինչի արդյունքում կերտվում է մեր վաղվա օրը: Վստա՛հ եմ, ձեզանից յուրաքանչյուրի համար ամենամեծ գնահատանքը ձեր աշակերտների հաջողություններն ու ձեռքբերումներն են ու, համոզվա՛ծ եմ, որ նրանք էլ իրենց հերթին են ձեզ երախտապարտ այն հոգատարության և նվիրումի համար, որ մշտապես ստանում են ձեզանից: Եվ ոչ միայն նրանք, նաև մենք բոլորս շնորհակալ ենք ձեզ, որ արժանի սերունդներ եք կրթում ու դաստիարակում: Համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին հետևողականորեն շարունակելու է կրթամշակութային օջախների նորոգման ուղղությամբ տարվող աշխատանքները, որպեսզի մի քանի տարիների ընթացքում կարողանանք հարմարավետ պայմաններ ստեղծել մայրաքաղաքի բոլոր կրթօջախներում», - նշել է քաղաքապետը: Երևանի Ներսես Մեծի անվան թիվ 124 հիմնական դպրոցի հիմնադրման 55-ամյակի առթիվ, դպրոցականների հայեցի կրթության և ազգային ոգով դաստիարակելու գործում ունեցած ակնառու հաջողությունների ու մանկավարժության ոլորտում ներդրած ավանդի համար դպրոցի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր մանկավարժ» հուշամեդալով: Կրթօջախի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

Նմանատիպ նյութեր