115021 դիտում
19:58 07-12-2016
Ավազակային հարձակում Հրազդան քաղաքում. հարձակվել են տարադրամի փոխանակման կետի աշխատակցի վրա՝ տանելով խոշոր չափի գումար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ խոշոր չափի ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 անհայտ անձինք՝ փայտե մահակներով զինված, հարձակվել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 115 շենքի բնակիչ, 52-ամյա Սոս Մուրադյանի վրա և նրանից հափշտակել խոշոր գումար:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հանցագործները իրենց հետ տարել են 1 մլն ՀՀ դրամ, 100 հազար ՌԴ ռուբլի, 3700 ԱՄՆ դոլար և 4 հազար եվրո:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Մուրադյանը որպես անհատ ձեռներեց զբաղվում է տարադրամի փոխանակմամբ և աշխատանքից հետո վերադառնալով տուն, իր վարած Honda մակնիշի 20 ԼՍ 069 համարանիշի ավտոմեքենան փորձել է կայանել ավտոտնակում և երբ ավտոտնակի դարպասը բացել է ՝ թիկունքից գլխի մասին հարվածներ է ստացել, որից հետո հանցագործը կամ հանցագործները նրա մոտ եղած նշված գումարը տարել են:
Այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Լաերտ Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Տեղում է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, ում հանձնարարականով Հրազդանի քննչական բաժնում քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի ավազակային հարձակում կատարելու փաստով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Սամվել Ասատրյանի և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր /6-րդ/ վարչության աշխատակիցները՝ պետի տեղակալ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+