Նախարար Վահան Մարտիրոսյանը Աշգաբադում մասնակցել է տրանսպորտի հարցերով գլոբալ համաժողովին
                        ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը  նոյեմբերի 26-27- ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում մասնակցել է Կայուն տրանսպորտի հարցերով գլոբալ համաժողովին։ Այն կազմակերպվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկությամբ և նպատակ ուներ տրանսպորտի ոլորտում բարձրացնելու միջազգային համագործակցությունը։
Համաժողովին մասնակցել են տրանսպորտի ոլորտը ներկայացնող շուրջ 42 երկրների և 19 կազմակերպությունների 2000-ից ավելի բարձրաստիճան  պաշտոնյաներ:
Որպես  գլոբալ զարգացման կարևորագույն տարր՝ կարևորվել է  տրանսպորտի ոլորտում համակարգային և նպատակաուղղված գործընկերության ամրապնդումը՝ հիմնված  «Կայուն մուլտիմոդալ տարանցիկ միջանցքների ստեղծմամբ տրանսպորտային միջոցների միջև փոխկապակցված երթևեկ ապահովելուն»։
 
Համաժողովի ընթացքում քննարկվող հիմնական թեմաները վերաբերել  են տրանսպորտային համակարգերի բարելավմանը, ինչը հնարավոր կդարձնի  առավել հեռավոր և մեկուսացված տարածաշրջանների հետ կայուն տրանսպորտային կապի ապահովումը, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված՝ տրասնպորտային միջոցներից արտանետվող թունավոր գազերի նվազեցմանն ուղղված միջոցառումներին, ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումներն առավել անվտանգ դարձնելուն,  և այլն։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը համաժողովի ընթացքում հանդիպումներ է ունեցել  Թուրքմենստանի փոխվարչապետ Սատլիկ Սատլիկովի, Ավտոմոբիլային տրանսպորտի նախարար Մակսատ Այդոգդիևի և Կապի նախարար Բայրամգելդի Օվեզովի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և տարանցիկ բեռնափոխադրումները կազմակերպելու և դյուրացնելու հարցեր։
Քննարկվել են նաև  ավիացիայի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր և ՏՏ ստարտափ ընկերությունների  համագործակցության հեռանկարները:  
Համաժողովի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու Թուրքմենստանի  ավտոմոբիլային տրանսպորտի նախարար  Մակսատ Այդոգդիևը ստորագրել են  տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին փոխըմբռնման հուշագիր։
Հուշագրով նախատեսվում է բարենպաստ պայմաններ ապահովել տրանսպորտային հաղորդակցության բոլոր ոլորտների ընկերությունների գործունեության համար։
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

