211652_close_icon
views-count1708 դիտում article-date 15:42 17-11-2016

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Հրաչյա Պալյանի գլխավորությամբ Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները և բժիշկ մասնագետը սույն թվականի նոյեմբերի 16-ին այցելել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների հիման վրա Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների և Հոսպիտալի բժշկական անձնակազմի հետ համատեղ կրկին քննարկվել են զինծառայողների ընտանիքների անդամների կողմից ներկայացված զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված մտահոգությունները: Մասնավորապես, ուսումնասիրվել են զինծառայողներին տրամադրված կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, անցկացված ռազմաբժշկական փորձաքննությունների, ինչպես նաև զինծառայողների բուժման ընթացքի և արդյունքների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև Հոսպիտալում բուժում ստացող մի շարք զինծառայողների հետ: Զինծառայողների առողջական վիճակը տեղում ուսումնասիրելու, համապատասխան բժշկական փաստաթղթերին ծանոթանալու նպատակով նման ձևաչափով իրականացվող համատեղ աշխատանքները և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցերը կրելու են պարբերական բնույթ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Նմանատիպ նյութեր