211652_close_icon
views-count2524 դիտում article-date 15:55 12-11-2016

ՀՀ պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

Նոյեմբերի 11-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի գործընկերության և համագործակցային անվտանգության կոմիտե - Հայաստան ձևաչափով նիստը, որը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) 2015-2016թ. գնահատման զեկույցը: ԱԳ նախարարի տեղակալ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսությանը և տարբեր ոլորտներում գործընկերային համագործակցությանը, վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ 2017թ. ընթացքում շարունակելու հայ խաղաղապահների մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման առաքելություններին: Աշոտ Հովակիմյանը ներկայացրեց Հայաստանում անցկացվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումները, 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական գործընթացը, ինչպես նաև` ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ գործադրվող ջանքերը: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրեց այս տարի իրականացված Պաշտպանության ռազմավարական վերանայման հիմնական արդյունքները, կարևորեց ռազմական համագործակցության, պաշտպանական կրթության և բարեփոխումների բնագավառներում առկա համատեղ ծրագրերի և ձևաչափերի հետագա զարգացումը։ Որպես առաջիկա տարիների պաշտպանական քաղաքականության առաջնահերթություն՝ նշվեցին նաև զինված ուժերում բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների ամրապնդման, զինված ուժերի քաղաքացիական և հանրային վերահսկողության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները։ Պաշտպանական բարեփոխումները և պաշտպանության ոլորտի օրենսդրության վերանայումը կիրականացվեն զինված ուժերը՝ որպես Հայաստանի տնտեսության, կրթության ու գիտության զարգացումը խթանող գործոնի դիտարկման տրամաբանության շրջանակներում։ Նիստի մասնակիցների խնդրանքով հայկական կողմը ներկայացրեց նաև Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում տիրող իրավիճակը, ապրիլի սկզբին Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները ու դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն իրենց ելույթներում բարձր գնահատեցին Հայաստանի համագործակցությունը Դաշինքի հետ բոլոր բնագավառներում: Բանախոսներն իրենց աջակցությունը հայտնեցին ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին՝ կարևորելով խնդրի կարգավորումը բանակցությունների հիմքում ընկած երեք՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Աշոտ Հովակիմյանը և Դավիթ Տոնոյանը պատասխանեցին նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պատվիրակությունների ներկայացուցիչների բազմաթիվ հարցերի: Նիստից հետո հայկական պատվիրակությանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ՆԱՏՕ քաղաքական երկխոսության հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձան նաև տարածաշրջանային խնդիրների: Մասնավորապես, հայկական կողմը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի հետ շփման գծի երկայնքով լարվածության աճի վրա՝ Ադրբեջանի կողմից լայնածավալ զորավարժությունների անցկացման նախօրեին։ Այնուհետև, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպեցին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով և անվտանգության քաղաքականության հարցերով օգնական, դեսպան Ալեխանդրո Ալվարգոնսալեսի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում ընթացող երկխոսությանն ուղղված քայլերը: Ալեխանդրո Ալվարգոնսալեսն աջակցություն հայտնեց նոր ԱԳԳԾ-ով համագործակցության առավել խորացման միջոցառումների իրականացմանը։

Նմանատիպ նյութեր