211652_close_icon
views-count3936 դիտում article-date 10:58 12-11-2016

Զինծառայողների խնդիրների լուծման ամենաարդյունավետ ձևը զարգացած տնտեսություն ունենալն է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Պատերազմական գործողությունների ժամանակ զոհվածների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինվորներին պիտի՞ օգնենք: Այո, անպայման: Իսկ սիրիահայերի՞ն: Իսկ աղետի գոտում տնակներում ապրողների՞ն: Իսկ 50 հազարով ապրող թոշակառուների՞ն: Իսկ Հյուսիս-հարավ ճանապարհը չպիտի՞ կառուցենք: Իսկ Իրան-Հայաստան երկաթուղի՞ն: Իսկ կրթության որակը չպիտի՞ բարձրացնենք: Իսկ նոր, ժամանակակից զենք չպիտի՞ գնենք: Կարող եմ շարունակել թվարկումը` բերելով հազարումի շատ կարևոր, ռազմավարական նպատակներ: Այդ ամենի համար փող է, չէ՞, պետք: Ինչպե՞ս է պետք հավաքել այդ փողերը: Ընդհանրապես կա երկու ճանապարհ` հարկերի միջոցով և քաղաքացիների նվիրատվություններով: Եթե եկամտային հարկը բարձրացվում է 1000 դրամով, այդպես էլ ասեք` քննարկելու հարց է: Չնայած անձամբ ես կողմ եմ ոչ թե եկամտահարկի, այլ գույքահարկի ավելի «մանրամասն» տարանջատմանը. իմ թեև համեստ, բայց սեփական տան և 7-րդ մասիվում մեկ սենյականոց բնակարանի գույքահարկերը պետք է շեշտակիորեն տարբեր լինեն: Երկրորդ ճանապարհը քաղաքացիների ԿԱՄԱՎՈՐ մուծումներն են: Ես պատրաստ եմ վճարել իմ հազար դրամը ու նաև ազատել իմ ևս 9 համաքաղաքացիներին այդ բեռից: Բայց դա պետք է ճիշտ կազմակերպել և քարոզել: Նախ` ես պետք է վստահ լինեմ իմ 10 հազար դրամի «ճակատագրի» համար: Երկրորդ՝ պետք է գտնվեն հեղինակավոր, անբիծ մարդիկ, որոնց՝ բանակին օգնելու կոչը լսվի և ընկալվի մեր քաղաքացիների և ընդհանրապես բոլոր հայերի կողմից: Եվ վերջապես՝ մուծելու եղանակները պետք է լինեն պարզ, բյուրոկրատական քաշքշուկից ազատ: Մարդիկ, օրինակ, կարող են ալարել գնալ-հասնել բանկ: Կարելի է ձևավորել նշված նպատակների համար հիմնադրամ, հայտարարել, թե ո՛ր վստահելի, չարատավորված անձինք են (թեկուզ և Հայաստանից դուրս ապրող) լինելու դրա հոգաբարձուները և պարբերաբար՝ առնվազն ամիսը մեկ, տեղեկացնել, թե որտեղ է գնացել ամեն մի լուման: Այդպիսի հիմնադրամներ կառավարելն ու փող ներգրավելը մի առանձին գիտություն է: Մի խոսքով՝ ես կողմ եմ բանական լուծումներ փնտրելուն: Իսկ սոցիալական, այդ թվում զինծառայողների խնդիրների լուծման ամենաարդյունավետ ձևը զարգացած տնտեսություն ունենալն է: Այդ պարագայում մարդիկ ավելի բարձր աշխատավարձ կստանան և ավելի շատ հարկեր կմուծեն: Ամեն ինչ պարզ է»: [b]Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր