Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Չերնոգորիայի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլում Հայաստանի հավաքականը սեփական հարկի դրամատիկ խաղում 3:2 հաշվով սուպերկամային հաղթանակ տարավ Չերնոգորիայի նկատմամբ:
Առաջին խաղակեսից հետո չերնոգորցիները հաղթում էին 2:0 հաշվով: Թվում էր, թե հանդիպման ելքը վճռված է, սակայն երկրորդ խաղակեսում հայ ֆուտբոլիստները կամային բարձր հատկանիշներ ցուցաբերելով, պարզապես հրաշք կատարեցին:
Նախ, Արտակ Գրիգորյանը կրճատեց հաշվի տարբերությունը, հետո Վարազդատ Հարոյանը երկրորդ գոլը խփեց:
Եվ երբ թվում էր, թե խաղն այդպես էլ կավարտվի, ավելացված ժամանակի վերջին վայրկյանին Գևորգ Ղազարյանը հեռահար հարվածով արտակարգ գոլի հեղինակ դարձավ և հաղթանակ բերեց Հայաստանի հավաքականի: Ֆանտաստիկ վերջաբան: Եվ իհարկե, հեքիաթային նորամուտ մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի համար:
Այս հաղթանակից հետո մեր հավաքականը վաստակեց առաջին 3 միավորը և լքեց վերջին տեղը, այն «տրամադրելով» Ղազախստանին:
ԱԱ-2018, ընտրական փուլ, E խումբ, 4-րդ տուր
Հայաստան - Չեռնոգորիա՝ 3:2
Արտակ Գրիգորյան, 50, Վարազդատ Հարոյան, 73, Գեւորգ Ղազարյան, 90+3 – Դամիր Կոժոշեւիչ, 36, Ստեֆան Յովետիչ, 38