211652_close_icon
views-count3467 դիտում article-date 21:35 10-11-2016

Հայաստանում 10.000 քարանձավներից 100­-ը կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը

Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը և Հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախմբի մասնակից, քարանձավագետ Սմբատ Դավթյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին Հայ-իտալական համատեղ անձավագիտական արշավախմբի կողմից Եղեգնաձորի տարածաշրջանի քարայրներից մեկում հայտնաբերված հնագույն ժայռանկարների մասին: Սամվել Շահինյանը նկատեց, որ հայտնաբերված ժայռապատկերներն իրենցից գեղարվեստական արժեք չեն ներկայացնում, բայց երևույթն ինքնին գնահատելի է: Խոսելով ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին երեք կազմակերպությունների իրականացրած արշավի և գրանցած արդյունքների մասին, Սմբատ Դավթյանը նշեց. «Ի ուրախություն մեզ, հայտնաբերված ժայռապատկերի վրա երկու կենդանի են պատկերված, և մասնագետների կարծիքով՝ դրանք պալեոլիթի շրջանի վկայություններ են»: Բանախոսների դիտարկմամբ՝ քարանձավների տարածքը կարող է ծառայել որպես զբոսաշրջային գոտի: Նրանց հավաստմամբ՝ Հայաստանում կան աշխարհի քարանձավների բոլոր տեսակները, նույնիսկ՝ քարանձավի բացառիկ տեսակ համարվող քարե դռներով քարանձավներ, որոնք միայն Արագածոտնի մարզում են: Հայաստանի տարածքում կան նաև կարստային քարանձավներ, որոնք գետնի տակ գտնվող դատարկ տարածություններ են, որ առաջացել են ջրերի քայքայիչ, լուծիչ հատկության շնորհիվ: Ընդհանուր հաշվով՝ Հայաստանում 10.000 քարանձավներից 100­-ը կարող են գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը: «Քարանձավները հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, եթե դրանք օգտագործվեն, հանձնվեն վարձակալության, հակառակ դեպքում կարող ենք կորցնել այդ արժեքները: Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ մշակույթի նախարարությանը, նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին և այլ կառույցների այդ հարցը լուծելու համար, սակայն հստակ պատասխան չենք ստացել»,- ­նշեց քարանձավագիտական կենտրոնի ղեկավար Սամվել Շահինյանը:

Նմանատիպ նյութեր