211652_close_icon

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Արարատի մարզի մի շարք խաղողագործների

views-count4008 դիտում article-date 15:51 09-11-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Արարատի մարզի Քաղցրաշեն և հարակից մի շարք այլ համայնքների խաղողագործներին: Հանդիպմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, «Հայաստանի խաղողագործների միություն» ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը, «Վինար» ՍՊԸ տնօրեն Ավետիք Գալստյանը և «Արմա Ալկո» ՍՊԸ-ի ներկայացուցիչը: Հանդիպման նպատակն էր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել 2015 թվականին մթերված խաղողի դիմաց չվճարված ֆինանսական պարտավորությունների կատարման հարցը: Հանդիպման ընթացքում խաղողագործներին ներկայացվել է մանրամասն տեղեկատվություն «Վինար» ՍՊԸ-ի և «Արմա Ալկո»-ի միջև կոնյակի սպիրտի վաճառքի իրականացման գործընթացի վերաբերյալ: Կողմերը վստահեցրել են, որ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի գործընթացը կազմակերպվի ամենասեղմ ժամկետներում, և ամենաուշը միչև տարեվերջ մարվեն բոլոր ֆինանսական պարտավորությունները: «Անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի գյուղացիական տնտեսություններին ունեցած պարտքերը մարվեն առավելագույնս սեղմ ժամկետում, և նախարարությունը պատրաստ է իր իրավասության սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի գործընթացն առավել արագ ընթանա»,- նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրել է նաև, որ «Վեդի Ալկո» ընկերությունը սպիրտի վաճառքի դիմաց ստացել է գումարի մի մասը՝ 54 մլն դրամը, և այսօրվանից սկսել է խաղողագործների պարտքերի մարման գործընթացը: Նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանին հանձնարարվել է խիստ վերահսկողություն իրականացնել նշված գործընթացի նկատմամբ և ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն տրամադրել համայնքապետերին` գյուղացիներին իրազեկելու նպատակով: Նախարարը հորդորել է գյուղացիներին ցանկացած հարցի և դժգոհության դեպքում դիմել նախարարություն` վստահեցնելով, որ պատրաստակամ են ձեռնարկել բոլոր միջոցները խնդիրներին լուծում տալու համար: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր