211652_close_icon
views-count4330 դիտում article-date 17:52 07-11-2016

18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ոգելից խմիչքներ վաճառողները կենթարկվեն վարչական պատասխանատվության

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 7 դեպք, որոնցից մեկը քանդվել է: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը` ժամանակավոր հիմունքներով գործող հասարակական նշանակության օբյեկտները պոլիէթիլենային ծածկերով սահմանազատելու դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է խախտման երկու դեպք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել գործընթացը բոլոր վարչական շրջաններում: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է երեք վարչական արձանագրություն: Նույն ժամանակահատվածում ապամոնտաժվել է չորս լքյալ կրպակ: Ոչ գոհացուցիչ գնահատելով արդյունքները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ՃՈ հետ համատեղ առավել խիստ և հետևողական աշխատանք տանել բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ: «Փորձեք երեկոյան ժամերին և հանգստյան օրերին շրջել քաղաքում և կհամոզվեք, որ այստեղ ձեր կողմից հնչեցված թվերը պարզապես ձևական բնույթ են կրում: Նման պատկերն ուղղակի անընդունելի է: Վերանայեք ձեր աշխատաոճն ու հետևություններ կատարեք: Եթե պատկերը շարունակի մնալ նույնը, ապա վարչական շրջանի համապատասխան բաժնի պատասխանատուները, ընդհուպ մինչև վարչական շրջանների ղեկավարների տվյալ բաժինների աշխատանքները համակարգող տեղակալները կենթարկվեն օրենքով սահմանված տույժերի», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է նաև 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ոգելից խմիչքներ վաճառողների նկատմամբ տուգանք սահմանելուն: Ըստ այդմ՝ աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությանը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առևտրի բոլոր օբյեկտներին ծանուցել օրենքի կետը խախտելու դեպքում վարչական պատասխանատվության ենթարկվելու մասին: Աշխատակազմի իրավաբանական վարչությանն էլ հանձնարարվել է 18 տարին չլրացած անձանց ակումբներ և զվարճանքի այլ վայրեր այցելելը սահմանափակող իրավական նորմ մշակել ու ներկայացնել առաջարկ: Զեկուցվել է նաև, որ նշված ժամանակահատվածում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ աղբամանները քաղաքացիների տեղաշարժին չխոչընդոտող վայրերում տեղադրելու ուղղությամբ: 12 հասցեներում իրականացվել են տեղափոխման աշխատանքներ: «Սանիթեք» ընկերությանը, վարչական շրջանների ղեկավարներին, օպերատիվ շտաբին և կոմունալ տնտեսության վարչությանը հանձնարարվել է շարունակել մշտական շրջայցերն ու տեղերում արագ լուծում տալ վերոնշյալ խնդրին:

Նմանատիպ նյութեր