211652_close_icon
views-count1999 դիտում article-date 19:35 02-11-2016

Սերժ Սարգսյանն ընդունել է Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրեյնի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում և մեծապես կարևորել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում: «Դուք մի երկրում եք, որտեղ Բելգիան ընկալվում է որպես բարեկամ երկիր և վստահելի գործընկեր, որի հետ հարաբերությունները հիմնված են պատմական ջերմ առնչությունների, փոխադարձ վստահության, նույնանման արժեհամակարգի և զարգացման համադրելի տեսլականի վրա: Տիկի՛ն Դըֆրեյն, մեզ համար կրկնակի հաճույք է Ձեզ ողջունել Հայաստանում, որովհետև Դուք մի գործիչ եք, ով մշտապես ականջալուր է մեր ժողովրդի խնդիրներին: Դուք հոգատար վերաբերմունք ունեք Հայաստանին և հայերին հուզող հարցերի նկատմամբ, երկար տարիներ ջանք ու եռանդ չեք խնայել, որպեսզի հայ-բելգիական հարաբերություններն ամրապնդվեն: Դուք մշտապես ցանկալի և սպասված հյուր եք Հայաստանում»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Բելգիայի Թագավորության Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին ջերմ խոսքերի և ընդունելության համար, նշելով, որ համակարծիք է հայ-բելգիական հարաբերություններին Նախագահ Սարգսյանի տված գնահատականի հետ: «Խոսելով մեր նույնանման արժեհամակարգի ապացույցներից մեկի մասին՝ պետք է ասեմ, որ ժամանակին՝ 1998 թվականին, Բելգիայի Սենատը եվրոպական առաջին երկրներից մեկն էր, որ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև՝ ուժեղ մի բանաձև, որին 2015թ. հետևեց նաև Ներկայացուցիչների պալատի բանաձևը և երկրի վարչապետ Շառլ Միշելի ելույթը, որտեղ որևէ այլակարծության տեղ թողնված չէր: Եվ դա շատ կարևոր է, որովհետև մենք պարտք ունենք փոխանցելու հաջորդ սերնդին»,-ասել է Քրիստին Դըֆրեյնը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում հայ-բելգիական հարաբերություններն ու համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել նաև տարածաշրջանի մարտահրավերներին ու խնդիրներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Նմանատիպ նյութեր