211652_close_icon
views-count2859 դիտում article-date 18:04 29-10-2016

Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունների կատարման նոր փուլ է մեկնարկել

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնակցել է «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի /ԿՓՇԿ/ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» /ՄԱԶԾ-ԳԷՖ/ ծրագրի մեկնարկային աշխատաժողովին: Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվող 20 միլիոն դոլար դրամաշնորհային ծրագրի հաստատումով մեկնարկել է ներդրումային ուղղվածության նոր ծրագրերի իրականացման փուլը, որը կնպաստի հանրապետությունում նոր տեխնոլոգիաների ներդրմանը և վտանգավոր արտանետումների կրճատմանը: Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստումն այս անգամ դիտարկվում է նաև այդ գործընթացների համատեքստում: Հաղորդագրությունը և զեկույցը բխում է Փարիզյան համաձայնագրի ընդունումից, որով աշխարհի բոլոր երկրները համաձայնության են եկել` միատեղված ու փոխհամաձայնեցված ջանքերով զսպել մթնոլորտի գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի միջին ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճանից ցածր, միաժամանակ հնարավորինս ձգտելով մոտ 1.5 աստիճանի: Փարիզյան համաձայնագրով սահմանված պարտավորությունների կատարումը զարգացող երկրների, այդ թվում Հայաստանի համար կմեկնարկի 2020թ.-ից, և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Գլոբալ էկոլոգիական ֆոնդի ֆինանսավորմամբ կլիմայի փոփոխության մասին մեր երկրի 4-րդ ազգային հաղորդագրության ու երկրորդ երկամյա զեկույցի պատրաստումը պետք է դիտարկվի որպես Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած հանձնառությունների կատարման ու հաշվետվայնության նախապատրաստական գործընթաց, որի ընթացքում ի թիվս այլ միջոցառումների` պետք է ձևավորվեն այն բոլոր մեխանիզմները, որոնք թույլ կտան Հայաստանին պատշաճ կերպով իրականացնել իր հանձնառությունները: Բացելով համաժողովը և ողջունելով հյուրերին` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Սիմոն Պապյանը խոսքը փոխանցել է ՀՀ բնապահպանության նախարարին: Նախարար Արծվիկ Մինասյանը ողջունելով հանդիպմանը ներկա Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհրդի անդամներին և հյուրերին` շեշտել է, որ Հայաստանն իր հանձնառությունը քաջ գիտակցում է Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում և պատրաստ է իր ողջ կարողություններով ներգրավվել այն բոլոր հնարավոր գործողություններում, որոնք կբերեն թե միջազգային, թե տարածաշրջանային և թե ազգային մակարդակներում կլիմայի գլոբալ փոփոխություններով պայմանավորված հարմարվողականության գործողությունների ձեռնարկմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի բարելավմանը: «Ես ուզում եմ ընդգծել, որ ջերմոցային գազերի արտանետման կրճատման կամ սահմանափակման պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնել է և որոնք մեզնից պահանջելու են էական ձեռնարկվելիք գործողություններ, ենթադրում է նաև միջազգային ակտիվ համագործակցություն և ֆինանսական աջակցություն: Առանց ֆինանսական աջակցության որևէ երկիր չի կարող այդ գործողությունները ձեռնարկել: Բայց նաև շատ կարևոր է, որ այդ ֆինանսական աջակցությունը լինի շատ նպատակային, երկարաժամկետ և ըստ էության նպատակաուղղվի ապահովելու կայուն զարգացում: Մենք հաճախ մեր պրակտիկայում հանդիպում ենք դեպքերի, և որպես կանոն այդ դեպքերը շատ են, երբ բնապահպանությունը և տնտեսությունը հակադրվում են իրար: Մինչդեռ մեր խնդիրն է, որ ոչ թե հակադրենք այս երկու կարևորագույն ոլորտները, այլ իրար լրացնելով առաջ գնանք: Իսկ դա նշանակում է, որ պետք է վերանայենք մեր մոտեցումները, վերանայենք մեր տնտեսական-սոցիալական քաղաքականությունները, որի հիմքում պետք է լինի շրջակա միջավայրը: Ցանկացած տնտեսական առաջընթաց ոչինչ է, եթե այն ապահովում է աղտոտված, մարդու կյանքին և առողջությանը վնասող շրջակա միջավայր»,- նշել է Արծվիկ Մինասյանը և հավելել, որ այդ նպատակով պետք է մոտեցումները հիմնարար վերանայել, այդ թվում նաև կանաչ տնտեսության հայեցակարգը, որը դրվել է երկրների զարգացման հիմքում և պետք է միտված լինի առողջ, վնասակար նյութերից զերծ շրջակա միջավայրում, կայուն տնտեսական համակարգի ձևավորմանը, ինչը կհամապատասխանի կայուն զարգացման հիմնարար նպատակներին: Իր ողջույնի խոսքում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան կարևորելով ծրագրի մեկնարկը` շեշտել է, որ կլիմայի փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսության, էներգետիկայի, սոցիալական ոլորտների վրա համակողմանի գնահատման կարիք ունի: ՄԱԿ ԿՓՇԿ ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը ներկայացրել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի բանակցային գործընթացի վերջին զարգացումները և ազգային հաղորդագրությունների ու երկամյա առաջընթացի զեկույցների պատրաստման նոր պահանջները: ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն անդրադարձել է մեկնարկող ծրագրի հիմնական բաղադրիչներին և աշխատանքային պլանին: Ելույթներով հանդես են եկել Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհրդի անդամները: Ելույթներում արձանագրվել է կլիմայի փոփոխության հիմնախնդրի բազմաճյուղային բնույթը և առնչությունը տնտեսության ու սոցիալական բոլոր ոլորտների հետ: Սրանով է պայմանավորված, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը, որպես Հայաստանում կոնվենցիայի իրականացման լիազոր մարմին, մեծ կարևորություն է տալիս միջգերատեսչական սերտ համագործակցությանն ու համակարգմանը, քաղաքացիական հասարակու¬թյան մասնակցությանն ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր