211652_close_icon
views-count2989 դիտում article-date 15:19 20-10-2016

ԼՂՀ վարչապետը մեծ սպասելիքներ ունի երիտասարդ ֆերմերներից

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է հանրապետության տարբեր շրջաններից մի խումբ երիտասարդ ֆերմերների, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել գյուղնախարարության կողմից առաջիկայում կազմակերպվելիք մասնագիտական դասընթացներին: Վարչապետը ողջունել է երիտասարդների որոշումը և նշել, որ Արցախում գյուղատնտեսության զարգացման համար շատ կարևոր է նրանց ներուժի արդյունավետ օգտագործումը: Ա. Հարությունյանն ընդգծել է, որ ինտենսիվ ու մրցունակ գյուղատնտեսություն ունենալու համար ոլորտում առկա գործելաոճն ու մոտեցումները պետք է արմատապես փոխվեն, և այդ գործում, նրա խոսքով, մեծ սպասելիքներ ունի երիտասարդներից: «Նման ձևաչափով հանդիպում վաղուց էի նախատեսել, սակայն, կարծում եմ, այժմ շատ հարմար պահ է ընտրվել, քանի որ, ինչպես գիտեք, այս օրերին կառավարության կողմից նախաձեռնվել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման և ընդունման գործընթացը: Ուրախ եմ, որ հետևել եք մեր կոչին և որոշել մասնակցել առաջիկայում գյուղնախարարության կողմից առաջին անգամ կազմակերպվելիք դասընթացներին»,- ասել է Ա. Հարությունյանը և հույս է հայտնել, որ նրանց օրինակին կհետևեն նաև շատ այլ երիտասարդներ: Հանդիպման ընթացքում գործադիր իշխանության ղեկավարը զրուցել է երիտասարդ ֆերմերների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ, տեղեկացել սկսնակ ձեռներեցների ունեցած հաջողությունների ու խնդիրների մասին: Ա. Հարությունյանը հավաստիացրել է, որ դասընթացների մասնակիցներին կառավարությունն անհրաժեշտ բոլոր միջոցներով պետական աջակցություն է տրամադրելու՝ արդի պահանջներին համապատասխան գյուղատնտեսությամբ զբաղվելու և այն որպես եկամտի շահութաբեր աղբյուր դարձնելու համար: Երիտասարդ ֆերմերները շնորհակալություն են հայտնել հանրապետության վարչապետին՝ ընդունելության և իրենց հանդեպ ցուցաբերվող պետական հատուկ ուշադրության համար: Հանդիպմանը մասնակցում էին նաև գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, պաշտոնատար այլ անձինք: [b]ԱՀ կառավարության աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր