211652_close_icon
views-count1719 դիտում article-date 16:05 13-10-2016

Դպրոցի տնօրենի ընտրության գործընթաց, սոցիալական ծառայությունների հասանելիություն. վարչապետը հանձնարարականներ է տվել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը շնորհավորել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին և Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանին, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատելու պատրաստակամության համար և մաղթել արդյունավետ աշխատանք: Այնուհետև գործադիրի ղեկավարը հանձնարարականներ է տվել. «Կրթության ոլորտի հետ կապված հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին, ՀՀ մարզպետներին, առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ 7-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ: Ինչի մասին է խոսքը՝ մայր ու աղջիկ աշխատում են նույն դպրոցում: Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, սակայն պետք է տարբերակել՝ որտեղ է այն օբյեկտիվ, որտեղ՝ սուբյեկտիվ»,-նշել է վարչապետը: Հանձնարարվել է նաև գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացումը՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: «Ունենք «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» (ԿՏԱԿ) ՊՈԱԿ, որն ապահովել է կամուրջներ և կապեր բոլոր դպրոցների հետ: Ցավոք սրտի, այս պահին այդ հնարավորությունները էֆեկտիվ չենք օգտագործում: Կառավարության ծրագրի մեջ հստակ ձևակերպել ենք, որ բոլոր համայնքների դպրոցներն այդ հնարավորությունն ունենան. որտեղ ուսուցիչների պակաս կա՝ հնարավորություն տալ երեխաներին այդ դասընթացներն իրականացնել: Կարծում եմ՝ ճիշտ բան ենք անում, լավ բան ենք անում և հետևողական ենք լինելու»,-ասել է վարչապետը: Հաշվի առնելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները՝ վարչապետը նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի ծառայությունները պետք է դարձնել ավելի հասանելի: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկություններ ներկայացնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի համար առցանց եղանակով դիմելու հնարավորության վերաբերյալ, համապատասխան աշխատանքներ տանել և հնարավորություն ընձեռել, որպեսզի կենսաթոշակ և նպաստ նշանակելու դիմումը ներկայացվի ցանկացած տարածքային բաժին՝ անկախ շահառուի հաշվառման վայրից, վերլուծել կենսաթոշակ և նպաստ նշանակելու գործընթացները և առաջարկություններ ներկայացնել դրանք օպտիմալացնելու ուղղությամբ: Սպորտի ոլորտի հետ կապված հանձնարարվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ 10-օրյա ժամկետում ուսումնասիրել մարզական հասարակական կազմակերպություններին մարզական բնույթի միջոցառումներ կազմակերպելու, պարգևատրումներ կատարելու համար պետական բյուջեի միջոցներից հատկացվող գումարների ծախսման արդյունավետությունը, ընդհանրապես դրանց հիմնավորվածությունը և կրճատել անարդյունավետ ու չհիմնավորված ծախսերը: Կրճատման արդյունքում խնայված միջոցները սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացմանն ուղղելու նպատակով ներկայացնել միջոցառումների ծրագիր և գումարներն ըստ այդ միջոցառումների վերաբաշխելու վերաբերյալ առաջարկություններ: «Կարծում եմ, որ հասկանալի է՝ մասսայական սպորտը, առողջ ապրելակերպը մեր առօրյա կյանքում անընդհատ պետք է զգանք, որ ամեն օր այդ ուղղությամբ քայլ ենք կատարել: Ամպագոռգոռ բառեր չեմ ուզում ասել, եթե պետք է նույնիսկ ազգային ծրագիր կներկայացնենք, որպեսզի դա դառնա մեր կյանքի ապրելաոճ»,-նշել է վարչապետը: Կարեն Կարապետյանն առաջարկել է նաև բոլոր գերատեսչությունների ղեկավարներին մամուլի հետ աշխատել առավելագույնս բաց և թափանցիկ՝ պարբերաբար հասարակությանը տեղեկացնելով կատարված աշխատանքների մասին:

Նմանատիպ նյութեր