211652_close_icon
views-count2484 դիտում article-date 13:29 12-10-2016

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորների

ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 29-ի հրամանագրով Մհեր Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր: Հոկտեմբերի 7-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել Արսեն Մկրտչյանին: Արման Մկրտումյանն ընդգծել է, որ նրա աշխատանքային փորձառությունը, հմտություններն ու մարդկային որակը բավարար են դատավորի պարտականությունները գերազանց իրականացնելու և դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու համար: Նույն օրը ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ՀՀ Վարչական դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նորանշանակ դատավոր Մհեր Պետրոսյանին նշելով, որ նորանշանակ դատավորի մասնագիտական որակներն ու պատրաստվածությունը կնպաստեն, որ նա պատշաճ մակարդակով կիրականացնի արդարադատություն՝ բարձր պահելով դատավորի կոչումը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ վերոնշյալ դատարաններում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձ է կատարվել դատական համակարգի առկա խնդիրներին և առաջիկա անելիքներին:

Նմանատիպ նյութեր