211652_close_icon
views-count3804 դիտում article-date 22:47 11-10-2016

Հռոմի Սուրբ Իգնատիոս Լոյոլացի եկեղեցում հայ մեծ բանաստեղծ և աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացուն նվիրված համերգ է տեղի ունեցել

Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առիթով հոկտեմբերի 7-ին Հռոմի Սուրբ Իգնատիոս Լոյոլացի եկեղեցում հնչեց նշանավոր կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտը (1984-1985) Հռոմի Սանտա Չեչիլիա Ազգային Ակադեմիայի հանրահռչակ երգչախմբի կատարմամբ, երգչախմբի ղեկավար՝ Մաեստրո Չիրո Վիսկո: Համերգը, որը նվիրվել է հայ մեծ բանաստեղծ, փիլիսոփա և աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու Տիեզերական Վարդապետ հռչակվելուն, կազմակերպվել էր Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից, Նոր Ավետարանչության Զարգացման Քահանայապետական Խորհրդի հովանավորությամբ և ներառվել Գթասրտության Հոբելյանական Սուրբ Տարվա պաշտոնական միջոցառումների ցանկում: Համերգին ներկա էին Նոր Ավետարանչության զարգացման քահանայապետական խորհրդի նախագահ Մոնս. Սալվատորե Ֆիզիկելլան, որին Ֆրանցիսկոս Պապը վստահել է նաև Գթասրտության Հոբելյանական Սուրբ Տարվա համակարգումը, Պետական Քարտուղարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Ներկաներին ողջույնի խոսք ուղղեցին ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը և Մոնս. Սալվատորե Ֆիզիկելլան: Դեսպանը նշեց վերջին քառորդ դարի ընթացքում Հայաստանի կողմից գրանցած հիմնական ձեռքբերումները և անդրադարձ կատարեց Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով Պապի հղած խոսքին: Մոնս. Ֆիզիկելլան կարևորեց Սուրբ Գրիգոր Նարեկացու վարդապետացումն ավելի քան մեկ միլիոն հավատացյալ ունեցող Կաթոլիկ եկեղեցու համար և շեշտեց աստվածաբանության ու գրականության ոլորտում Նարեկացու մեծ դերակատարումը: Վատիկանի պաշտոնյան իր ողջույնն ուղղեց հայ ժողովրդին անկախության 25-ամյա հոբելյանի առթիվ, որը յուրօրինակ կերպով համընկել է Գթասրտության Հոբելյանական Սուրբ Տարվա հետ: Միջոցառմանը մասնակցում էին Սուրբ Աթոռում և Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, Հայ առաքելական եւ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր այրեր, հասարակական-քաղաքական հատվածի ներկայացուցիչներ, իտալահայ համայնքի անդամներ:

Նմանատիպ նյութեր