211652_close_icon
views-count65221 դիտում article-date 21:34 07-10-2016

Խոշոր ու շղթայական ավտովթար Ապարանի ճանապարհին. «Տառերի պուրակ»-ի մոտ բախվել է 4 ավտոմեքենա. բժիշկները պայքարում են 6 վիրավորի կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արտաշավան գյուղի վարչական տարածքում՝ «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ, խոշոր ավտովթար է տեղի ունեցել և կան վիրավորներ: Բախման հետևանքով Nissan –ն ու Mercedes-ը դուրս են եկել երթևեկելի գոտուց և բախվել հսկայական քարերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում նշված ճանապարհին բախվել են BMW մակնիշի 34 OR 082 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ZA 252 համարանիշի, Ford Transit մակնիշի 34 QZ 486 համարանիշի և Nissan մակնիշի 33 ՍՏ 022 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ: Օպերատիվորեն են գործել նաև Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Մուրադ Ոսկանյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Մարատ Դուրյանի, պետի տեղակալ Գագիկ Առաքելյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վարչության պետ Մ. Դուրյանը Աշտարակի ոստիկանապետ Ալբերտ Երիցյանի հետ մեկնել է Արմենիա բժշկական կենտրոն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր