3033 դիտում
12:39 06-10-2016
Այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին. ՀՀ նախագահ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է կառավարություն և նոր ձևավորված կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում է ունեցել վարչապետի և նորանշանակ նախարարների հետ: Հանրապետության Նախագահը նախ շնորհավորել է նրանց պետական բարձր պաշտոններում նշանակվելու առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք, ապա անդրադարձել այն խնդիրներին, որոնք դրված են նոր կառավարության առջև:
«Ինչպես գիտեք, մենք սահմանված ժամկետներում ավարտեցինք Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ձևավորման գործընթացը: Այս առիթով շնորհավորում եմ բոլորիդ պետական բարձր պաշտոններում նշանակվելու, ավելի ստույգ՝ պետական բարձր պաշտոններում ծառայության անցնելու կապակցությամբ և մաղթում հաջողություն: Ավելորդ եմ համարում հիշեցնել այն պատասխանատվության մասին, որ դուք ստանձնել եք: Ակնհայտ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրը կառավարման արդյունավետության բարձրացումն է: Ե՛վ աշխարհում, և՛ մեր տարածաշրջանում, և՛ Հայաստանում մարտահրավերների պակաս չկա: Ակնհայտ է, որ շատ ավելի հեշտ է զարգանալ, շատ ավելի հեշտ է հասնել բարձր տնտեսական արդյունքների, երբ շուրջդ խաղաղ է, երբ քո հարևաններն ու գործընկեր երկրներն ունենում են տնտեսական աճ: Եվ շատ ավելի բարդ է, երբ կան արտաքին բացասական ազդակներ, բայց դու պարտավոր ես անել առավելագույնը և ունենալ զարգացում: Մեզ, իհարկե, անհրաժեշտ է շարունակել լինել մրցունակ և հետևողականորեն բարձրացնել մեր տնտեսության արդյունավետությունը: Իմ համոզումն է, և աշխարհի փորձն է դրա մասին ասում, որ հնարավոր է և պետք է ավելի լավ, ավելի ռացիոնալ կառավարել համեստ միջոցներն ու հասնել անհամեմատ ավելի լավ արդյունքների: Կարծում եմ՝ մեր հասարակությունն էլ նույն ակնկալիքներն ունի: Մեր տնտեսության, և ընդհանրապես, հասարակության ներուժն ավելի կազմակերպված և նպատակային աշխատանքի մեջ է: Սահմանադրական բարեփոխումներով մենք դե ֆակտո մեր երկրում սկսել ենք համակարգային փոփոխությունները: Այս տեսանկյունից ներկա կառավարությունը լրջագույն դերակատարություն է ստանձնում. այն է՝ դառնալ այս փոփոխությունների լոկոմոտիվը, դառնալ այս փոփոխությունների շարժիչ ուժն ու իրականացնողը: Կառավարման կիսանախագահական համակարգից անցումը խորհրդարանական կառավարման, փոխում է ոչ միայն երկրի կառավարման մոդելը, այլև առաջին հերթին հավաքական մտածողության և հավաքական վերաբերմունքի փոփոխության հարց է լուծում: Միգուցե, մարդիկ ամբողջովին չեն էլ պատկերացնում, թե ինչ մասշտաբներով է փոխելու մեր իրականությունը սահմանադրական բարեփոխումների և նոր կառավարման մոդելին անցման հանգամանքը: Ձեզ վիճակված է դառնալ այս անցումային ժամանակաշրջանի առաջնորդը, և ես հավատում եմ ձեր ուժերին, հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետության այս կառավարությունը կարող է անել այն, ինչ չի հաջողվել նախկին բոլոր կառավարություններին: Իհարկե, այս աշխատանքում դուք միայնակ չեք լինելու, ներդաշնակորեն գործելու են մեր երկրի բոլոր պետական օղակները: Ես դա խոստանում եմ: Ձեզ սատարելու են, աջակցելու են, ձեզ ոգևորելու են, քայլելու ենք նույն ուղղությամբ, բայց ինչպես ասացի՝ շարժիչ ուժը պետք է լինի կառավարությունը, շինարարը պետք է լինի կառավարությունը:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություն: Այս նոր կառավարության հաջողությամբ են պայմանավորված այն ակնկալիքները, որ այսօր ունի մեր ժողովուրդը: Ուրեմն, պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի: Իմ հորդորն է՝ նվիրվե՛լ անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղե՛ք ամուր, հաստատակամ, ինչպես և պայմանավորվել ենք, նեղանալ և նեղսրտել չկա: Բոլորս պետք է հասկանանք, երբ մենք անցնում ենք պետական ծառայության, ապա միշտ անձնականը պետք է մղվի երկրորդ, ավելի ճիշտ՝ երկրորդական պլան: Ես վստահ եմ, որ ձեր ընտանիքների անդամները և ձեր ընկերներն այս հանգամանքը կհասկանան: Մի վախեցեք նրանից, որ կասեն՝ դարձել եք նախարար, դարձել եք կառավարության անդամ, մեզ հետ քիչ եք հանդիպում, մեզ քիչ եք ուշադրություն դարձնում: Նվիրվելով աշխատանքին՝ դուք ձեր ուշադրությունը և՛ ձեր ընտանիքիների անդամների, և՛ որ շատ կարևոր է՝ մեր ժողովրդի նկատմամբ կրկնապատկում եք: Եղե՛ք միասնական: Վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ, վարչապետն այս թիմի առաջնորդն է, և ես վստահ եմ, որ նրա հնարավոր կշտամբանքները, հնարավոր դիտողությունները երբեք ձեր անձերին չեն վերաբերվելու: Դա արվելու է միայն ու միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մենք, իրոք, շատ բան ունենք անելու և այդ ճանապարհին լինելու ենք հաստատակամ: Մենք պետք է միայն առաջ գնանք: Նայե՛ք առաջ: Պրոբլեմների ժամանակ մի փորձեք դրանց արմատները տեսնել անցյալում: Դա ամենից հեշտն է: Միշտ պետք է գտնել առաջ գնալու ուղիները: Սա՛ է միայն հաղթանակի բանաձևը, և ես վստահ եմ, որ մեր միասնական աշխատանքը բերելու է հաջողության:
Այսքանն էի ուզում ասել: Եթե հարցեր կան, հաճույքով կպատասխանեմ ձեր հարցերին»,-կառավարության անդամներին ասել է Հանրապետության Նախագահը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը թիմի անունից շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին վստահության ու պարտավորեցնող խոսքերի համար և հավաստիացրել, որ կառավարությունն իր ամենօրյա աշխատանքով ազդակ է հաղորդելու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ նրա սպասումներն ու ակնկալիքները բավարարելու ուղղությամբ գնալու վերաբերյալ: Վարչապետը նշել է, որ մոտ օրերս ներկայացվելիք կառավարության ծրագրում նշվելու են այն քայլերն ու միջոցառումները, որոնք ուղղված են ՀՀ քաղաքացու անվտանգ և ապահով զգալու, արդար միջավայրում ապրելու, վաղվա օրվա նկատմամբ հավատ ունենալու հնարավորություն ապահովմանը: Կարեն Կարապետյանը հավաստիացրել է, որ կառավարությունն իր գործունեության ամբողջ ընթացքում աշխատելու է հասարակության հետ առավելագույն հետադարձ կապով և պարբերաբար բացատրելու է, թե ի՞նչ աշխատանք է իրականացնում, ի՞նչ նպատակով, որից հետո լսելու է հասարակության ակնկալիքներն ու խորհուրդները:
Նմանատիպ նյութեր
2604 դիտում
22:45 10-07-2020
ԱՄՀ-ն կառավարություններին կոչ է անում ներդրումներ կատարել ընկերություններում, այլ ոչ թե ավելացնել պարտքային բեռը
Այս բաժնից
511 դիտում
18:46 14-11-2024
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
676 դիտում
18:33 14-11-2024
Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ուրուգվայի նախագահին
547 դիտում
18:08 14-11-2024
Կայացել է Երևանի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը