211652_close_icon
views-count1799 դիտում article-date 18:20 05-10-2016

Կանադայում շարունակվում են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները

Կանադայում շարունակվում են Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումները: Հոկտեմբերի 3-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում կայացավ պաշտոնական ընդունելություն` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Երեկոյի պատվավոր հյուրն էր Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նաև Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների և միջազգային զարգացման հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նոլթը, Կանադայի Սենատի նախկին նախագահ, սենատոր Լեո Հուսակոսը, Կանադայի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, Կանադայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, կանադահայ քաղաքական կուսակցությունների առաջնորդներ: Ներկաներին ուղղված իր խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանն առանձնացրեց անկախ Հայաստանի քառորդդարյա ձեռքբերումները՝ անդրադառնալով այդ տարիների ընթացքում հայ-կանադական երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և հիշատակելով կանադահայ համայնքի ակտիվ դերակատարությունը Հայաստանի բարգավաճման ու հայ-կանադական կապերի առաջմղման գործում: Հանդես գալով շնորհավորական խոսքով` Կանադայի ԱԳ նախարար Ստեֆան Դիոնը կարևորեց հայ-կանադական հարաբերությունների առավել զարգացումը` հույս հայտնելով, որ Հայաստանն ու Կանադան ավելի կսերտացնեն երկկողմ կապերն` ի շահ հայ և կանադացի ժողովուրդների բարեկամության: Երեկոյի ընթացքում կանադահայ տաղանդաշատ դաշնակահար Մայքլ Թուրաբյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի և այլ անվանի երգահանների ստեղծագործությունները:

Նմանատիպ նյութեր