ԱԺ-ն ընդունեց հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում մշակված նոր օրինագիծը
Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը: Քվեարկության են դրվել սեպտեմբերի 27-ին քննարկված մի քանի նախագծեր՝ այդ թվում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որն ընդունվել է 103 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Օրինագիծն առնչվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացին:
Ընդունվեցին նաև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Շահումային խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Քննարկվեց նաև ՀՀ Հարկային օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: