211652_close_icon
views-count3900 դիտում article-date 16:45 28-09-2016

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլթերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում իրականացվող ծրագրերն ու նախանշել հետագա համագործակցության հեռանկարները: «Ավստրիայի զարգացման գործակալությունը մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանում գյուղատնտեսության բնագավառի զարգացմանը, հատկապես մեծ հաջողություններ են գրանցվել օրգանական գյուղատնտեսության ոլորտում: Հուսով եմ` այսուհետ ևս մեր համագործակցությունը կկրի շարունակական բնույթ, իսկ համատեղ ծրագրերի շրջանակն ավելի կընդլայնվի», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Շնորհավորելով նախարարին նշանակման կապակցությամբ` Մարտին Լեդոլթերն ընդգծել է, որ Հայաստանն ու Ավստրիան ագրարային ոլորտում ունեն մի շարք ընդհանրություններ և այս առումով հատկապես կարևոր է փորձի փոխանակումը: Պարոն Լեդոլթերը հրավիրել է նախարարին այցելել Ավստրիա` երկրի գյուղատնտեսության ոլորտին տեղում ծանոթանալու նպատակով: Կողմերը նշել են, որ սկսած 2011 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Ավստրիայի զարգացման գործակալության միջև ծավալված համագործակցության շրջանակներում իրականացվել են գյուղատնտեսության զարգացմանը նպաստող մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես` Ավստրիայի զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող «Համատարած գյուղատնտնտեսական հաշվառում», «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» և «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման» (ENPARD) ծրագրերը: Քննարկվել է նաև Ավստրիայի կողմից գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման ծրագրի ֆինանսավորման հնարավորության հարցը: Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մարտին Լեդոլթերին է հանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալը` Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ ՀՀ գյուղատնտեսության բնագավառում իրականացված և իրականացվող ծրագրերում ունեցած նշանակալի ավանդի համար:

Նմանատիպ նյութեր