3057 դիտում
14:19 24-09-2016
Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը
Սեպտեմբերի 22-ին Բեռլինի ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված համերգը` ՀՀ և ԳԴՀ ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի բարձր հովանու ներքո:
Համերգին ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և ԳԴՀ կառավարության հատուկ հանձնակատար, Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունները համակարգող Գերնոտ Էրլերը:
Իր խոսքում Աշոտ Սմբատյանը նշեց, որ աշխարհի լավագույն բեմերը նվաճած հայաստանյան մանկապատանեկան երգչախումբը` «Հայաստանի փոքրիկ երգիչները», լինելով Հայաստանի Հանրապետության հասակակիցը, խաղաղ և ներդաշնակ աշխարհում ապրելու և ստեղծագործելու հայ ժողովրդի ձգտման լավագույն արտահայտումն է:
Գերնոտ Էրլերը, շնորհավորելով Հայաստանի անկախության տոնը, նշեց, որ այս տաղանդաշատ երեխաները Հայաստանի մշակութային յուրօրինակ դեսպաններ են:
Համերգին և դրան հաջորդած պաշտոնական ընդունելությանը ներկա էին ԳԴՀ կառավարության, Բունդեսթագի անդամներ, ԱԳՆ ներկայացուցիչներ, Գերմանիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, երկրամասերի նախարարներ, քաղաքապետեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգացանկը ներառում էր Կոմիտասի, Մաշտոցի շարականներ, հայկական ժողովրդական բանահյուսության գործեր, ինչպես նաև Դեբյուսիի, Ռոջերսի ստեղծագործություններ, որոնց կատարումներն արժանացան գերմանացի հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Գերմանիայում համերգային շրջագայության ընթացքում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հանդես կգա նաև Կարլսռուհե և Հալե քաղաքներում։
Նմանատիպ նյութեր
4915 դիտում
21:26 16-05-2016
Ժնևի հայտնի «Վիկտորիա» համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը
Այս բաժնից
1444 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ