3896 դիտում
10:53 24-09-2016
Ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել խաղաղ գործընթացին. Էդվարդ Նալբանդյանի ելույթը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում
Պարո՛ն նախագահ,
Գլխավոր քարտուղար,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Կցանկանայի շնորհավորել և հաջողություն մաղթել Գլխավոր ասամբլեայի այս նստաշրջանի նախագահ Փիթըր Թոմսոնին և շնորհակալություն հայտնել իր նախորդին՝ Մոգենս Լիքեթոֆթին:
Օգտվելով այս հնարավորությունից՝ ցանկանում եմ նաև մեր բարձր գնահատանքն արտահայտել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ իր հմուտ առաջնորդության համար:
Պարո՛ն նախագահ,
Երկու օր առաջ Հայաստանը տոնեց իր անկախության 25-րդ տարեդարձը: Այս կարճ ժամանակահատվածում մեծ աշխատանք է տարվել ժողովրդավարական հաստատությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և տնտեսական բարեփոխումների առաջ մղման ուղղությամբ:
Հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել նաև սոցիալ-տնտեսական զարգացման առումով: Այնուամենայնիվ, դեռևս առկա են մարտահրավերներ: Սոցիալապես առավել խոցելի խմբերի կարիքները դրվել են 2014-2025 թվականների համար Հայաստանի Հեռանկարային զարգացման ռազմավարության հիմքում: Միաժամանակ, մեր կառավարության կողմից տրվել է Մարդու իրավունքների պաշտպանության Ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի մեկնարկը: Այս առումով Հայաստանը շարունակում է ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բոլոր մեխանիզմների, ներառյալ՝ հատուկ ընթացակարգերի ու պայմանագրային մարմինների հետ:
Անցյալ դեկտեմբերին հասարակական լայն քննարկումների համընդգրկուն գործընթացին հաջորդած հանրաքվեի միջոցով հավանություն տրվեց սահմանադրական բարեփոխմանը, որի նպատակը նոր և կատարելագործված կառավարման համակարգի ստեղծումն է՝ առավել բարձր թափանցիկությամբ և հաշվետվողականությամբ: Այն ողջունվեց միջազգային համապատասխան կառույցների կողմից:
Պարոն նախագահ,
ՄԱԿ-ը նշանակալի դերակատարություն կարող է ունենալ անհանդուրժողականություն, ռասայական խտրականություն, այլատյացություն, ծայրահեղականություն և ահաբեկչություն սնող միջավայրը փոխելու գործում:
Հայաստանը բազմիցս դատապարտել է ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրագործված հանցագործությունները, որոնք սպառնում են ինչպես տարածաշրջանի, այնպես էլ դրանից դուրս բնակվող ժողովուրդներին: Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն է թողել նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների վրա, որոնք կենսական սպառնալիքների առջև են կանգնած՝ ազգային հողի վրա իրագործվող ոճրագործությունների պատճառով:
Բռնությունները չեն շրջանցել նաև սիրիահայերին։ Շատերը կորցրել են իրենց կյանքը, ոչնչացվել են հայկական բնակավայրեր, եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կառույցներ: Հարյուր տարի առաջ Հայոց ցեղասպանության հետևանքով հայ փախստականները ապաստան գտան բազմաթիվ արաբական երկրներում: Այսօր հազարավոր հայեր, Մերձավոր Արևելքի այլ ժողովուրդների հետ միասին, կրկին հարկադրված են լքել իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան քսան հազար հայ է ապաստան գտել Հայաստանում: Ուստի, մենք գիտենք, թե ինչ է նշանակում՝ լինել փախստական և ապաստան տալ փախստականներին:
Հայաստանի Կառավարությունը նշանակալի ջանքեր է գործադրում փախստականներին աջակցելու և նրանց ինտեգրումը դյուրացնելու ուղղությամբ: Համոզված ենք, որ հարկավոր է առավել լայն միջազգային համագործակցություն ծավալել զանգվածային տեղահանմամբ պայմանավորված մարտահրավերին համարժեքորեն արձագանքելու համար: Այս առումով կարևոր է մի քանի օր առաջ այս բարձր մարմնի կողմից ընդունված փախստականների և միգրանտների մասին Նյու Յորքի Հռչակագրի դրույթների լիարժեք իրականացումը:
Ցանկանում ենք ընդգծել ժողովուրդների խոշոր տեղահանությունների հիմնապատճառներին արձագանքելու անհրաժեշտութունը մարդկության դեմ հարցագործությունների կանխարգելման, հակամարտությունների խաղաղ կարգավորման և տևական քաղաքական հանգուցալուծումների միջոցով:
Պարո՛ն նախագահ,
Հայաստանը շարունակաբար աջակցել և իր ներդրումն է ունեցել կանխարգելման մեխանիզմների մշակման գործում՝ մասնավորապես, Մարդու Իրավունքների խորհրդում պարբերաբար նախաձեռնելով ցեղասպանության կանխարգելման բանաձևեր:
Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ազգ, որը շարունակում է առերեսվել այդ ոճրագործության ժխտողականությանը՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը` պայքարելու ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործության անպատժելիության դեմ: 2016 թվականին լրանում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ընդունված բանաձևի առաջին տարին, որով դեկտեմբերի 9-ը հռչակվել է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության միջազգային օր:
Քանի դեռ բռնության սպառնալիքը շարունակում է տարածվել աշխարհի տարբեր ծայրերում, հույժ կարևոր է առավել արդյունավետ դարձնել անվտանգության ու խաղաղության հաստատման մեր միասնական ջանքերը: Եվ այս ընկալմամբ է, որ Հայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի և նրա կողմից լիազորված խաղաղարար գործողություններին՝ այդպիսով իր անմիջական ակտիվ ներդրումն ունենալով միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման գործում: Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը, «Հայաստանի աջակցությունը կարևոր է ոչ միայն իր ներդրման, այլև հայոց պատմության և դրա ընթացքում հաղթահարված մարտահրավերների առումով»: Անշուշտ, պատմությունը մեզ սովորեցնում է, որ մեկի անվտանգությունը սերտորեն փոխկապակցված է մյուսների անվտանգության հետ:
Պարո՛ն նախագահ,
Այս տարի լրանում է Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի 50-ամյակը և Զարգացման իրավունքի հռչակագրի 30-ամյակը: Այս հիմնարար փաստաթղթերը ամրագրում են, որ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Ըստ այդմ, նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն հետամուտ են լինում իրենց տնտեսական, հասարակական և մշակութային զարգացմանը»: Ինչպես հայտնի է ՄԱԿ-ի կանոնադրությունն ընդգծում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի նկատմամբ հարգանքը՝ որպես այս կազմակերպության նպատակ:
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը խաղաղ իրացնելու ձգտմանն ագրեսիվ ռազմական արձագանքը միայն ապացուցում է նման ձգտումների իրավացիությունը և ագրեսորին զրկում է տվյալ ժողովուրդների վրա իշխելու նկրտումներից: Ինչպես իրավացիորեն նշում է ՄԱԿ-ի՝ ժողովրդավարական և միջազգային արդար աշխարհակարգի աջակցման հարցերով փորձագետը՝ ինքնորոշման իրավունքը որպես հակամարտության աղբյուր ընկալելու փոխարեն, ավելի ճիշտ է զինված հակամարտությունը դիտարկել որպես ինքնորոշման իրավունքի ոտնահարման հետևանք:
Ադրբեջանը համառորեն հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումների և սանձազերծած ագրեսիայի հետևանքով 1980-ականների վերջից և 1990-ականների սկզբից հայերը ջարդերի ենթարկվեցին և արտաքսվեցին իրենց բնակավայրերից: Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը դա որակեց որպես հայ ժողովրդի հանդեպ նոր ցեղասպանության վտանգ:
Այս տարի ևս, ապրիլի սկզբին Ադրբեջանը, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը, նոր լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ առանց խտրականության թիրախավորելով քաղաքացիական կառույցները և բնակչությանը: Զոհերի թվում էին 12-ամյա մի տղա և 92-ամյա կին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք զինծառայողներ ԴԱԵՇ-ին բնորոշ ոճով գլխատվել էին, ապա ցուցադրվել ադրբեջանական քաղաքներում և գյուղերում, հրապարակվել սոցիալական ցանցերում: Ավելին, Ադրբեջանի ղեկավարը հրապարակայնորեն պարգևատրեց այդ հանցագործությունները կատարողներին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ արձանագրվեց, որ Ադրբեջանական կողմից հանձնված հայ զինծառայողների մարմինների վրա առկա էին կտտանքների և խոշտանգումների անհերքելի նշաններ: Նման զարհուրելի ոճրագործությունները հեռու են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերից և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ են հանդիսանում:
Ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս է հասցրել խաղաղ գործընթացին: Հակամարտության խաղաղ կարգավորման հանդեպ վստահության վերականգման համար անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեն ուժի կիրառումը և խաղաղ գործընթացի առաջմղմանը նպաստող պայմաններ կստեղծեն: Սա էր մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների գլխավոր նպատակը: Նախևառաջ, հրամայական է այս գագաթաժողովների ընթացքում արձանագրված և ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը. առաջին, 1994-1995 թթ.-ի հրադադարի եռակողմ, անժամկետ համաձայնագրերի լիակատար իրականացում, երկրորդ, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծում և, երրորդ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնում:
Ի հեճուկս այս ամենին, Արցախի ժողովուրդը կարողացել է ինքնապաշտպանվել և ստեղծել ազատ և ժողովրդավար հասարակություն:
Միջնորդ պետությունների՝ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ համատեղ Հայաստանը շարունակելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:
Եռանախագահները հռչակել են հիմնախնդրի հանգուցալուծման քաղաքակիրթ բանաձևը՝ քվեաթերթիկներ փամփուշտների փոխարեն: Համանախագահ երկրների նախագահների կողմից ներկայացված առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը` նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով: Միջնադարյան բարբարոսության մտածելակերպով առաջնորդվողները, ինչը դրսևորվեց ապրիլին, հազիվ թե կարողանան ընդունել ժամանակակից աշխարհի քաղաքակիրթ մոտեցումները:
Պարո՛ն նախագահ,
Հայաստանը ողջունում է «2030 օրակարգ»-ում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների վերաբերյալ Վիեննայի գործողությունների ծրագրի ներառումը՝ որպես կարևոր քայլ կայուն և ընդգրկուն զարգացումը խթանելու ուղղությամբ: Վիեննայի գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու և մեր աշխատանքների առանցքում դնելու համար Հայաստանի կառավարությունն ընդունեց դրա իրագործման ազգային ռազմավարություն: Մենք դատապարտում ենք միակողմանի տնտեսական միջոցները որպես քաղաքական ճնշման գործիք օգտագործելու քաղաքականությունը:
«2030 օրակարգ»-ը ևս մեկ անգամ վերահաստատում է, որ նման գործելաոճը վնասակար է կայուն զագացման համար: Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող միակողմանի ցամաքային շրջափակումը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Այն շարունակում է լրջորեն խաթարել տարածաշրջանային տարանցիկ հաղորդակցության ուղիները, տնտեսական համագործակցությունը և ինտեգրումը:
Պարո՛ն նախագահ,
Հայաստանը ողջունում է ՄԱԿ-ի առանցքային դերը նոր և համընդգրկուն օրակարգի իրականացման գործում: Մենք չենք թերագնահատում մեր առջև կանգնած մարտահրավերները. միաժամանակ մենք պետք է ըստ արժանվույն գնահատենք մեր հնարավորությունները: Ավելի քան յոթ տասնամյակ անց պետք է դրսևորվի այնպիսի տեսլական և մոտեցում, որը հնարավոր լավագույն ապագա կերաշխավորի Կազմակերպության և դրա շուրջ համախմբված ժողովուրդների համար:
Հայաստանը լիովին հանձնառու է այդ նպատակներին:
Շնորհակալություն:
Նմանատիպ նյութեր
3014 դիտում
22:29 24-09-2014
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում
3279 դիտում
09:03 26-09-2019
Նիկոլ Փաշինյանի ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում, կոչով դիմել Ալիևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը