Տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ընդլայնված նիստը
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի ընդլայնված նիստը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:
Նիստը վարեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ Շահան Գանտահարյանը:
Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը շնորհավորեց նիստին մասնակից բոլոր խմբագրապետերին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Հայաստանի անկախության 25-ամյա տարեդարձի առթիվ: «Բոլորս ոգեշնչվեցինք 25-ամյակի առթիվ կազմակերպված զորահանդեսով և հպարտության աննկարագրելի զգացումով հետևեցինք հայոց բանակի և հայկական զինուժի նման փառահեղ ցուցադրումներին, - նշեց Հ.Հակոբյանը՝ հավելելով, - անկախ Հայաստանի կերտման և զարգացման գործում իր մեծ ներդրումը բերեց հայկական Սփյուռքը՝ դառնալով հավերժ ներկայություն Հայրենիքում»:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատարը շնորհավորեց նաև հեռակապով նիստին միացած Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանին՝ թերթի 85-ամյակի առթիվ և հոբելյանական միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Անդրադառնալով Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի կազմակերպման աշխատանքներին՝ Հրանուշ Հակոբյանը կարևորեց մասնակից լրատվամիջոցների ներկայացուցիչներին հավասարապես արտահայտվելու հնարավորության ընձեռումը: «Վստահ եմ, որ մեր ընդունած հագեցած օրակարգի քննարկման շրջանակներում կհնչեն բազմազան կարծիքներ և առաջարկություններ: Հայաստան-Արցախ- Սփյուռք` 25-ամյա գործակցության հանրագումարներին և հետագա անելիքներին վերաբերող բոլոր հարցերը կլսվեն, կմեկտեղվեն և կուղենշվեն առաջիկա ծրագրերը», - ընդգծեց նա: