53084 դիտում
12:27 19-09-2016
Արտակարգ ու լարված իրավիճակ Հրազդանում. 150 միլիոնի գազաբալոն արտահանող գործարանի տնօրենը մի քանի տարի է, աշխատակիցների 15 միլիոնը չի վճարում. մարդկանց հույսը նորընտիր վարչապետն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, արտակարգ ու լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Վաղ առավոտվանից Հրազդան քաղաքի՝ ԽՍՀՄ տարիներից գործող «Հրազդանմեքենա» արտադրական միավորման տարածքում գործող գազաբալոնների արտադրամասի մոտ 30-ից ավելի աշխատակիցներ արդարացիորեն բարձրաձայնում ու պահանջում են տարիներով ու ամիսներով կուտակված իրենց աշխատավարձը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ակցիայի մասնակիցներն ասում էին. «Մարդիկ կան, ովքեր մի քանի տարի, իսկ մարդիկ էլ կան, մի քանի ամիս աշխատավարձ չեն ստացել։ Տնօրինությունը՝ տնօրեն Մեխակ Գաբրիելյանի գլխավորությամբ ռսի զավտրա է անում՝ ամեն անգամ հանդիպելով մեզ՝ փափուկ բարձ է դնում գլխներիս տակ՝ ասելով, թե՝ 3 օրից բոլորդ աշխատավարձները կստանաք։ Սա այն գործարանն ա, որ կանոնավոր ունեցել է գազաբալոնների արտահանում ոչ միայն ԱՊՀ երկրներ, այլ նաև արտասահմանյան մի քանի երկրներ և գիտենք, որ պատվիրատուները գումարները ժամանակին վճարել են տնօրինությանը, սակայն, չգիտես ինչու, նրանք չեն բարեհաճում կանոնավոր վճարել։ Բանկերից վարկ ենք վերցրել՝ հավատալով, որ մեր հալալ քրտինքը տնօրինությունը կվճարի ու հիմա օրը մեջ բանկերից անհանգստացնում են մեզ։ Էլ չենք ասում կոմունալ վճարումները ժամանակին կատարելու մասին։ Խանութներից հացն ու սուրճը նիսիայով ենք վերցնում, իսկ խանութն ամեն անգամ չի կարա տետրի մեջ գրելով մեզ հաց տա։ Էլ չենք հավատում ո՛չ Գաբրիելյանին, ո՛չ էլ նրա թայֆային։ Մեր հույսը նորընտիր վարչապետ Կարեն Կարապետյանն է, ու եթե նա ուզենա, մեկ-երկու օրվա ընթացքում հարցին լուծում կտա, հակառակ դեպքում կստացվի, որ նա էլ էս գործարանի տնօրինության նման օդ կրակող է։ Եթե մի քանի օրում խնդիրը չլուծվի, կորցնելու բան չունենք, մեր ու մանուկ, ահել-ջահել բողոքի ակցիաներ ենք սկսելու կառավարության առջև»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ աշխատակիցների պարտքը կազմում է մոտ 10-15 մլմ դրամ, իսկ միայն վերջին ամիսներին գործարանը մոտ 150 միլիոնի գազաբալոններ է արտահանել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+