211652_close_icon
views-count3088 դիտում article-date 09:54 08-09-2016

Հանրապետական թեկնածուից պահանջել են նախընտրական շտաբը հանել ՀՀԿ գրասենյակի տարածքից. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Ապարանի ՀՀԿ գրասենյակն Ապարանի քաղաքապետի թեկնածու, արդեն երկար տարիներ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գոռ Աբրահամյանից պահանջել է իր նախընտրական շտաբը հանել կուսակցության գրասենյակի տարածքից։ Աբրահամյանը, որի թեկնածությունն առաջադրել ու սատարում է ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը, այժմ վարձակալել Է հարևանությամբ գտնվող տարածքը։ Թե ինչո՛ւ է կուսակցությունը նման պահանջ ներկայացրել Գոռ Աբրահամյանին, ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ խնդիրը կուսակցության գործունեությունն ապահովելն է։ «Մեր գրասենյակը պետք է իր նորմալ կուսակցական գործունեությունը վարի, իսկ թեկնածուներն ազատ են իրենք իրենց գրասենյակը տեղադրելու՝ որտեղ օրենքը թույլ է տալիս»,- ասաց Ռ. Թադևոսյանը։ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր մրցակիցն էր բողոքել, թե իբր կուսակցության գրասենյակում իրավունք չկա շտաբ տեղադրելու, կամ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն թեկնածուների համար։ Աբրահամյանի խոսքով՝ իրենց զբաղեցրած նոր տարածքն անհատ ձեռնարկատիրոջ է պատկանում։ Նա հերքեց, որ այն «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական կազմակերպության տարածքն է. ««Նիգ-Ապարանի» տարածքի բանալին էլ է մեզ մոտ, կարող ենք բացել, բայց, չէ, մասնավոր ԱՁ-ի տարածք է»,– ասաց նա։ Հարցին, թե նախորդ ընտրություններում «Նիգ-Ապարանը»՝ ի դեմս պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի, աջակցել Է Գոռ Աբրահամյանին, արդյոք այս անգա՞մ էլ է աջակցելու իրեն, Աբրահամյանը պատասխանեց. «Աղվան Հովսեփյանը արձակուրդում է, թող իր հանգիստը նորմալ անցկացնի, նա Հայաստանում չի, որ գա կանգնի իմ կողքին։ «Նիգ-Ապարանի» մյուս անդամներն իմ ընկերներն են, իհարկե, ինձ կաջակցեն, իմ կարծիքով։ Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր