Զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգեւատրվել է <<Մարտական ծառայություն>> մեդալով։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ա. Ղանդիլյանի մահվան հանգամանքները։ Նա 07.09.2016թ.՝ ժամը 01:25-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում ձախ այտի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:
ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։