Կայացել է Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայ-իրանական փորձագետների 21-րդ նիստը
                        Երևանում տեղի է ունեցել Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված ՀՀ բնապահպանության նախարարության և Իրանի Իսլամական Հանրապետության  փորձագետների տարեկան՝21-րդ նիստը: Քառօրյա աշխատանքային քննարկումների ընթացքումանդրադարձ է կատարվել Արաքս գետի խնդիրներին, ինչպես նաև երկրների սահմանամերձ հատվածների ջրային ռեսուրսների պահպանման միջոցառումներին:
ՆիստընախագահողՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի  ղեկավար, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ Ա. Մխիթարյանը, բացման խոսքում ողջունելով նիստի մասնակիցներին, բարձր է գնահատել Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայ-իրանական համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ ինչպես նախորդ 20 հանդիպումներում, այնպես էլ այս հանդիպման ժամանակ կծավալվեն արդյունավետ քննարկումներ` վերլուծելով նախորդ տարվա կատարած աշխատանքների արդյունքները: Իր հերթին իրանական  կողմի աշխատանքային խմբի ղեկավար, ԻԻՀ էներգետիկայի նախարարության ներկայացուցիչ Հ. Ղոլամին շնորհակալություն է հայտնել հայկական կողմին` խնդիրների վերհանման, լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների և ամեն տարի արձանագրվող առաջընթացի համար:
Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նախորդ տարեկան նիստի ժամանակ կազմված արձանագրության կետերի կատարման ընթացքը, արդյունքները և նախանշվել առաջընթացները: Քննարկումների արդյունքում կազմվել է առաջիկա մեկ տարվա կատարվելիք աշխատանքների արձանագրությունը: Կողմերը փոխանակել են Արաքս գետի ջրի համատեղ և միաժամանակյա նմուշառման և  մոնիթորինգի տվյալներով: Կազմվել է առաջիկա մեկ տարվա համատեղ և միաժամանակյա նմուշառման ժամանակացույցը:
Աշխատանքային խմբերի փորձագետները դիտարկել են նաև Արաքս գետում  բիոմոնիթորինգի իրականացման հետ կապված հարցեր:
Այցի շրջանակներում ԻԻՀ-ի փորձագետների պատվիրակությունն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատանքային խմբի նախկին ղեկավար, վաղաժամ կյանքից հեռացած ազատամարտիկ Ալֆրեդ Ներսիսյանի շիրիմին:
Աշխատանքային քննարկումների արդյունքում կողմերը ստորագրել են Արաքս գետի աղտոտվածության ուսումնասիրմանն ուղղված հայ-իրանական փորձագետների   21-րդ նիստի  արձանագրությունը, որում նաև ամրագրվել է, որ հաջորդ տարեկան նիստը տեղի է ունենալու 2017թ աշնանը ԻԻՀ Թավրիզ քաղաքում:
Հանդիպման ավարտին կողմերը նաև փոխանակվել են հուշանվերներով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

