211652_close_icon
views-count1862 դիտում article-date 12:18 01-09-2016

Ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը ոչ վճարունակ լինելու պատճառով. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սեպտեմբերի մեկի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է. «Սիրելի՛ դպրոցականներ և ուսանողներ, ուսուցիչներ ու ծնողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա առթիվ: Եթե նախկինում կարևոր էր կրթություն քարոզելը, ապա 21-րդ դարում այլևս դրանում ոչ ոք չի կասկածում: Գիտելիքը դարձել է աշխարհի ամենահզոր զենքն ու գործիքը յուրաքանչյուր անհատի և հասարակության համար: Հայաստանում դրա գիտակցումը կա: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի պատրաստակամությամբ և նվիրումով են ծնողները երեխաների համար լավ կրթության ուղիներ փնտրում: Մենք հետևողականորեն կատարելագործում ենք մեր կրթական համակարգը: Մենք նաև գիտենք, որ թե՛ դպրոցներում, թե՛ բուհերում ունենք խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ խնդիրները վերաբերում են հատկապես կրթության մակարդակին, որից մենք գոհ չենք: Մենք գոհ չենք ոչ միայն այն պատճառով, որ կատարելությունը սահման չունի, այլև այն պատճառով, որ ժամանակակից աշխարհում զարգացման տեմպերը կտրուկ մեծացել են: Մենք պարտավոր ենք շարժվել աշխարհին համաքայլ: Մենք պարտավոր ենք նաև արագացնել կրթության զարգացման տեմպերը: Մեր խնդիրն է նաև լավ կրթությունը դարձնել մատչելի բոլորի համար: Ոչ մի երիտասարդ չպետք է կորցնի որակյալ կրթություն ստանալու հնարավորությունը ոչ վճարունակ լինելու պատճառով: Դատելով միջազգային մրցույթներում մեր դպրոցականների արդյունքներից՝ մեր դպրոցի ցուցանիշները վատ չեն: Մեր դպրոցը մրցունակ է, բայց չպետք է բավարարվել եղածով, ուստի անհրաժեշտ է տարեցտարի բարձրացնել մեր պահանջների նշաձողը: Հակառակ դեպքում մենք շատ հետ կմնանք զարգացող աշխարհից: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ հաջողություններով լի ուսումնական տարի»։

Նմանատիպ նյութեր