Կարևորվեցին մարզաբնակ զինհաշմանդամների առողջապահական հարցերը
ՀՀ առողջապահության նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերի առողջապահական խնդիրները, ըստ ոլորտների ներկայացվեցին հիմնական ցուցանիշները:
Մարզային առողջապահության պատասխանատուների հետ հանգամանալից անդրադարձ կատարվեց առկա բացթողումներին, ինչպես նաև առաջարկվեցին լուծմանն ուղղված անհրաժեշտ համատեղ քայլեր: Քննարկվեցին ֆինանսական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, բուժանձնակազմերի մասնագիտական կարողությունների զարգացմանը վերաբերող, ինչպես նաև մի շարք հարցեր:
Կարևորվեց ծննդօգնության ծառայության, ինչպես նաև համայնք առ համայքն կանխարգելիչ պատվաստումների, սկրինինգային ծրագրերի կատարողականի բարելավման անհրաժեշտությունը:
Առանձնակի շեշտադրվեցին զինվորական հաշմանդամություն ունեցող մարզաբնակ անձանց առողջապահական հարցերի լուծմանն ուղղված աշխատանքները:
Նշվեց, որ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի օգոստոսին մարզեր կատարած այցերի ընթացքում վեր են հանվել զինվորական հաշմանդամների բուժօգնության կազմակերպման մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են համակարգային լուծումներ: Կատարված աշխատանքների ընթացքի մասին մարզերի առողջապահության պատասխանատուները զեկուցեցին նախարարին:
Հանձնարարվեց ուշադրության կենտրոնում պահել հաշմանդամ զինծառայողների առողջապահական հարցերը` պարբերաբար կազմակերպելով նեղ մասնագետների այցեր: