211652_close_icon
views-count14241 դիտում article-date 23:04 06-08-2016

Արեգնազանը, ազատության համար պայքարն ու Սասնա ծռերը

Կարծիք կա, թե Ղազարոս Աղայանի «Արեգնազան կամ կախարդական աշխարհ» հեքիաթը ժողովրդական հեքիաթներից վերցված հավաքածու-գրվածք է: Իրականում հեքիաթում հեղինակը խորհրդանշական կերպարների և պատկերների միջոցով առաջարկում է ինքնիշխանություն ձեռք բերելու պարզ ճանապարհային քարտեզ: Այս հեքիաթը հրատարակվելուց հետո ցարական ժանդարմերիան հսկողության տակ է վերցնում Ղազարոս Աղայանին: [b]«Երբ բարի ու չար ոգիները անընդհատ պատերազմ էին մղում իրար դեմ, ահա՛ այդ ժամանակ Մասիսի ստորոտում կենում էր մի ծերունի իշխան՝ Արման անունով»։[/b] Արմանը խորհրդանշում է հայկական իշխանությունը (Արման-Արմենիա-Հայաստան): [b]«Արմանն ուներ երեք զավակ՝ մորից որբ մնացած: Նրանցից երկուսն աղջիկ էին՝ մինը քան զմյուսը գեղեցիկ, իսկ երրորդը՝ ավելի ևս չքնաղ և չնաշխարհիկ»։[/b] Որբացած լինելը խորհրդանշում է պետություն ունենալու մասին գենետիկ հիշողության, ազգային ինքնագիտակցության կորուստը: [b]«Արմանը երեքին էլ միաձև աղջկա հագուստով էր պահում։ Երրորդի անունը դրավ Արեգնազան՝ միատեսակության համար, որովհետև մեծի անունը դրել էր Զանազան, իսկ երկրորդինը՝ Զարմանազան»:[/b] Երեք աղջիկները խորհրդանշում են ժողովրդի երեք սերունդները՝ տարեցներ, միջահասակներ, երիտասարդներ: Տարեցները նվաճողների մշակույթների ազդեցությամբ կորցրել են ինքնությունը և շատ տարբեր են, չունեն ընդհանուր-միավորող արժեքներ (Զանազան): Միջահասակները քաղաքական-մշակութային հետաքրքրություններ ունեն, սակայն գործնական նախաձեռնություն չեն ցուցաբերում, այլ բավարարվում միայն հետքրքրություն դրսևորելով, այսինքն միայն զարմանում են (Զարմանազան): [img]/ups/images/0836597001470407357177183.jpg[/img] [i]Արմանը և նրա երեք աղջիկները (Մարտիրոս Սարյան-«Արեգնազան» հեքիաթի նկարազարդում. 1937թ.)[/i] Արեգնազան անունը խորհրդանշում է հայերի արևապաշտության անցյալը (Արեգ - արեգակ, արև) ինչն արտայատված է նաև «Սասնա ծռեր» էպոսում, որտեղ հերոսները (Մեծ Մհեր, Փոքր Մհեր) նույնպես խորհրդանշում են արևապաշտությունը: Առյուծաձև Մհերը (Իրանում՝ Միհր, Հնդկաստանում՝ Միտրա) արևապաշտության գերագույն աստվածն է: Միտրայականությունը մեծ ազդեցություն է ունեցել քրիստոնեական, արևմտյան քաղաքակրթության վրա: Եվ քանի որ Միտրան (Մհերը) ոչ միայն արևի, այլև ազատության խորհրդանիշն է, ապա Արեգը խորհրդանշում է նաև ազատության համար պայքարը: [img]/ups/images/009724500147040737554518.jpg[/img] [i]Միտրայի քարապատկերը, Ազատության արձանը ԱՄՆ-ում[/i] Մինչև վերջերս կարծիք կար, թե Աղայանն ակնարկում է, որ հայերն անկախություն չեն ուզում, իբր նրանց բավարարում է վասալի կարգավիճակը, ինչ-որ բարի թագավորի մոտ ծառայություն անցնելով գոյատևման խնդիր լուծելը: [b]«-Ես ծառայում էի մեր բարի թագավորին, և նա ինձ շատ սիրում էր։ Ահա՛ այս դաշտերն ու անտառները, այս սարերն ու ձորերը, որ հիմա մեր ձեռին են, բոլորը թագավորն է ընծայել ինձ իմ հավատարիմ ծառայությանս համար։ Դուք այստեղ մեծանում եք, ինչպես վայրի եղջերուները։ Ի՞նչ կլինի ձեր վերջը, եթե այստեղ մնաք. իհա՛րկե, շատ վատ։ Ապագա թշվառությունից ձեզ ազատելու համար ես մտածել եմ, որ ձեզանից մեկին, տղայի հագուստով, ուղարկեմ թագավորի մոտ ծառայելու։ Թագավորը սիրով կընդունի և իմ տեղը ժամանակով նրան կտա։ Այդպիսով, ձեզանից մեկը կարող է մյուսներիդ էլ տանել իր մոտ»:[/b] Իրականում Աղայանը նուրբ և խորհրդանշական պատկերներով ներշնչում է անկախության գաղափարը և մղում ազատագրական պայքարի: Այստեղ թագավորը խորհրդանշում է ոչ թե սուզերենին, այլ՝ Աստծուն, որի ողորմությամբ ինքնիշխանություն են ստացել-ունեցել: [img]/ups/images/0204206001470407397396535.jpg[/img] [i]Ձախից աջ՝ Գևորգ Բաշինջաղյան, Կոմիտաս, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, (ներքևում) Վրթանես Փափազյան, Արշակ Չոպանյան[/i] Արմանը ձգտում է ձեռք բերել ինքնիշխանություն կամ վերականգնել այն: Նա որոշում է փորձության ենթարկել զավակներին, պարզելու, թե ով է արժանի իշխանության: Դա բախման փորձություն էր: Նա ուզում է պարզել, թե մարդը պատրա՞ստ է պայքարել իր ազատության, իրավունքների համար: Մեծ և միջնեկ աղջիկները (տարեց և միջահասակ սերունդները) չեն հաղթահարում փորձությունը, բախումից սարսափելով, նրանք ընկրկում են: Արեգնազանը (երիտասարդությունը) հաղթահարում է իշխանության կազմակերպած փորձությունը և բռնում թագավորի մոտ տանող ճանապարհը, այսինքն՝ քաղաքական պայքարի ուղին: Հաջորդ տեսարանում Արեգնազանը ծառայության է մտնում թագավորի մոտ և ներկայանում որպես տղա՝ Արեգ անունով: Այսինքն՝ մտնում է քաղաքական համակարգ, զբաղեցնում քաղաքական դիրք, դառնում քաղաքական դեմք: Խորհրդանշական է որսի տեսարանը, երբ Արեգը սպանում է թագավորի վրա հարձակվող արջին (արջը կայսրության խորհրդանիշներից է: Այս պատկերն է պատճառ հանդիսացել, որ ցարական ժանդարմերիան հսկողության տակ է վերցրել Աղայանին): Այդպիսով Արեգը չեզոքացնում է ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքը: Նա խիզախությամբ նվաճում է ժողովրդի վստահությունը: Նունուֆարը՝ թագավորի աղջիկը (արքայադուստրը իշխանություն ընտրելու իրավունք ունեցող ժողովրդի խորհրդանիշն է), սիրահարվում է Արեգին: (Նունուֆարը դեղին ծաղիկ է: Դեղինը խորհրդանշում է լավատեսություն, ուրախություն, ջերմություն: Դեղինը արևի գույնն է և համարվում է նաև իմաստության ու բանականության խորհրդանիշ: Դեղին գույնը սիրող մարդիկ նպատակասլաց են, հաստատակամ, ինքնավստահ և ուրախ:) Արեգնազանն այսպիսով դառնում է իշխանության օրինակարգ հավակնորդ: [img]/ups/images/0220037001470407418776102.jpg[/img] [i]Արեգնազանը սպանում է արջին (Մարտիրոս Սարյան-«Արեգնազան» հեքիաթի նկարազարդում. 1937թ.)[/i] Հաջորդ տեսարանում Արեգնազանը փերիների ներշնչանքով տղա է դառնում (խորհրդանշում է, որ քաղաքական հավակնության հարցում բավարար է ներշնչանքը, ինքնավստահությունը): Փերիները նրան են տալիս նաև անմահական ջուր (անմահական ջուրը խորհրդանշում է գիտելիքը, կրոնը, մեծ հաշվով՝ հասարակության համար կենսական նշանակություն ունեցող արժեքները, ինչպես ջուրը կյանքի համար, սերը՝ մարդկային հարաբերություններում): Միաժամանակ փերիներն ակնարկում են, որ քաղաքական նպատակին հասնելու ճանապարհին կա քարե քաղաք (խորհրդանշում է հասարակական անտարբերությունը): Քիչ անց Արեգը մտնում է մի քաղաք, որտեղ մարդիկ չեն արձագանքում իր հարցերին, որովհետև քարացած էին (քար անտարբերություն): [b]«- Խե՜ղճ մարդիկ,- ասաց Արեգը,- հող դառնալու էլ չեք արժանացել, այլ՝ դառել եք ծախու ապրանք»:[/b] Այսպիսով հեղինակը նկատի ունի, որ անտարբեր մարդիկ ծախու ապրանք են դառնում: Քաղաքում լսվում է մարդկային մի խուլ ձայն. Կիսաքարացած (ոչ լրիվ անտարբերության) վիճակում մի մարդ ջուր է խնդրում: Նա այդ քաղաքի Անդաս թագավորն է (Անդաս նշանակում է ապագաղափարական, անհավատ, դաս չստացած, անկիրթ, տգետ): Արեգն անմահական ջուր է տալիս նրան, և նա մարդ է դառնում (խորհրդանշում է, որ անտարբեր հասարակությունը վերակենդանանում է, երբ ձեռք է բերում, հարազատում կամ ստանում արժեքներ, ազգային-հասարակական իդեալ, կենսափիլիսոփայություն, գիտելիք): Անդասն ասում է, որ բոլորին քարացրել է չար պառավն իր գավազաններով և արդեն քառասուն տարի քարացած են (պառավը խորհրդանշում է հետադիմությունը, հակապետական-հակամարդկային մտածողությունը, իսկ գավազանները խորհրդանշում են հասարակության նկատմամբ կիրառվող ճնշումներն ու բռնությունները): Արեգը հաղթում և չեզոքացնում է չար պառավին, որից հետո քաղաքը կենդանանում է, սակայն մարդիկ չեն հավատում, որ քառասուն տարի քարացած են եղել: Արեգը փորձում է ապացուցել և պառավի գավազանով հարվածում պառավին՝ հրամայելով քար դառնալ, սակայն պառավը էգ էշ է դառնում (խորհրդանշում է, որ հասարակական անտարբերությունը հաղթահարելուց հետո հակապետական-հակամարդկային մտածողությունը էշություն է ընկալվում): Երկրորդ անգամ է Արեգը գավազանով հարվածում է պառավին՝ հրամայելով քար դառնալ, սակայն պառավը ագռավ է դառնում (խորհրդանշում է, որ հակապետական-հակամարդկային մտածողությունը էշությունից հետո ագռավի անհասկանալի կռկռոցի է նմանվում): Երրորդ անգամից հաջողվում է պառավին քար դարձնել (խորհրդանշում է, որ հետադիմական-ստրկամիտ մտածողությունը դժվար, բայց հաղթահարելի է): Հաջորդ տեսարանում Արեգը վերադառնում է Նունուֆարի մոտ, որը կիսամեռ վիճակում է: Արեգը անմահական ջրի մի քանի կաթիլ է տալիս, որից հետո արքայադուստրն առողջանում է (խորհրդանշում է, որ առանց ազգային-հասարակական արժեքների-իդեալի ժողովուրդը կիսամեռ վիճակում կարող է երկար ապրել, սակայն իդեալ (Սեր) ստանալուց հետո կառողջանա): Առողջացած ժողովուրդն իր հերթին ոգեշնչում է քաղաքական գործչին ([b]«Արեգը մի վայրկյանում վերակենդանացրեց Նունուֆարին՝ հիմա էլ Նունուֆարը, իր գեղեցկության ազդեցությամբ՝ Արեգի այնպիսի երակները շարժեց, որոնց միջով կարծես մինչև նույն րոպեն դեռ արյուն չէր խաղացած»[/b]): Այնուհետև իշխան Արմանը բացահայտում է Արեգի ազգային ինքնաճանաչման-ինքնահաստատման-ինքնագիտակցության գաղտնիքը. [b]«- Գիտե՞ս, հայրի՛կ, ես հիմա տղա՜ եմ, տղա՜, իսկ և իսկ տղա, ճշմարիտ տղա. կարո՞ղ ես երևակայել… - Դու առաջ էլ էիր տղա, հոգի՛ս, բայց այդ չգիտեիր դու, նոր ես սկսել ճանաչել քեզ. առաջ անմեղ էիր ինչպես հրեղեն, հիմա մարդ ես դառել հողեղեն, բայց այդ վնաս չունի, հոգի՛ս…»[/b] Ի վերջո, թագավորի օրհնությամբ Արեգն ամուսնանում է Նունուֆարի հետ և թագավոր օծվում ([b]«Թագավորն իր թագն էլ դրավ Արեգի գլխին, որով պսակեց նրան և՛ թագավոր միանգամայն»[/b]): Այսինքն Արմանի որդին թագավոր է դառնում: Ասել է, թե Մասիսի ստորոտին ապրողն ազատություն, ինքնիշխանություն է ձեռք բերում: [img]/ups/images/0007017001470407434667743.jpg[/img] Այսպիսով Աղայանը հեքիաթային խորհրդանշական պատկերների միջով և հերոսի օգնությամբ սերմանում է անկախության գաղափարը և ազգային-ազատագրական պայքարի ոգի ներշնչում երիտասարդությանը: Կարևորում է, որ երիտասարդն իր մեջ տղամարդկություն գտնի, փորձություններից չընկրկի, համարձակ ելույթ ունենա ինքնիշխանության սպառնալիքի դեմ, հասարակությանն արթնացնի անտարբերության թմբիրից, ընդառաջ գնա ժողովրդին, նրա հետ միություն կազմի և իրագործի քաղաքկան բարձրագույն նպատակը:

Նմանատիպ նյութեր