Գագիկ Սուրենյանը Ժիրինովսկուն համեմատում է անկայուն ցիկլոնի հետ
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում Վլադիմիր Ժիրինովսկուն դիտարկելով «մասնագիտական» աչքով` նրան համեմատել է անկայուն ու «շիզոֆրենիկ» ցիկլոնի հետ:
Այդ իսկ պատճառով հորդորում է. «Ժողուվուրդ ջան, շիզոֆրենիկ Ժիրինովսկիի ռոժը հերիք է համացանցով տարածեք, դա մարդկանց՝ առանց այդ էլ լարված նյարդերի վրա է ազդում, այդ ապուշը իմ տեսած ամենաանկայուն ցիկլոնն է, որը օրը տաս անգամ փոխում է իր վարքագիծը, մեկ արև է, մեկ անձրև ու կարկուտ»:
Հիշեցնենք, որ նախօրեին ռուսական Life հեռուստաալիքի եթերում, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ժիրինովկսին Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդն ասել է` «թքած Հայաստանի վրա ևս ….»:
Նաև Վ. Ժիրինովսկին խոսել է Հայաստանի տնտեսության ու Հայաստանից արտագաղթի մասին` ասելով. «Փոքր երկիր է, լեռնային՝ սեղմված լեռների միջև, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ո´չ մի հեռանկար, ո’չ մի տնտեսություն: Այնտեղ արդեն 1 միլիոն հայ է մնացել, իսկ աշխարհում կա 6 միլիոն հայ: Նրանք բոլորն էլ հեռացել են. Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Նահանգներ, ողջ աշխարհում ման են գալիս: Այնտեղ ապրելու տեղ չկա` լեռներ են»:
Իսկ դիտարկմանը, թե Հայաստանում Ռուսաստանն ունի ռազմաբազա, Ժիրինովսկին արձագանքել է՝ ասելով.
«Աստծու սիրուն, կթքեն մեր վրա, դուրս կբերենք բազան… Մեր ոտքերի տակ կընկնեն բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Դրա համար էլ Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ»: