211652_close_icon

Կատարվում է քննություն՝ պարզելու կալանավորի հաղորդման մեջ նշված պաշտոնատար անձանց վերաբերող դրվագների բոլոր հանգամանքները

views-count1903 դիտում article-date 16:59 14-07-2016
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Արմեն Կ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով 2016 թվականի հունիսի 17-ին ոստիկանության Շենգավիթի բաժին բերման ենթարկվելուց հետո, անձնական խուզարկության ընթացքում ոստիկանության աշխատակիցներն ընթերակաների ներկայությամբ հարցրել են՝ սեղանին դրված թմրամիջոցն իրենն է, թե՝ ոչ: Ստանալով բացասական պատասխան, ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցներն ընթերականերին դուրս են հրավիրել, որից հետո սեղանին դրված թմրամիջոցը դրել են իր գրպանը, ներս են հրավիրել ընթերականերին և արձանագրել, որ թմրամիջոցն, իբր, խուզարկությամբ հայտնաբերվել է իր մոտից: ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր