1717 դիտում
15:50 12-07-2016
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը համատեղ հուշագիր ստորագրեցին
Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այսօր՝ հուլիսի 12-ին, համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Նպատակները մի քանիսն են, նախ կողմերը իրենց առջև խնդիր են դնում նպաստել քաղաքական և վարչական կոռուպցիայի նվազեցմանը, աջակցել Հայաստանում արդյունավետ պետական կառավարման համակարգի զարգացմանը, թափանցիկության, հաշվետվողականության և բարեխղճության սկզբունքների տարածմանը, ինչպես նաև բարձրացնել հասարակության հակակոռուպցիոն ընկալման և իրազեկության մակարդակն ու նպաստել կոռուպցիոն ռիսկեր պարունակող օրենսդրության հատկորոշմանը և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որը ստեղծվել է 2014թ․ թվականին, ներկայումս համախմբում է շուրջ 80 քաղաքացիական հասարակության կազմակերպությունների։ Կոալիցիայի առաքելությունն է նպաստել Հայաստանում կոռուպցիայի նվազմանը՝ ներդնելով արդյունավետ հակակոռուպցիոն կառուցակարգեր, ինչպես նաև հասարակական վերահսկողություն իրականացնել ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նկատմամբ։ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանի փոխանցմամբ՝ հուշագրի հիմնական թիրախում կոռուպցիայի վերացումն է հասարակության տարբեր ոլորտներում. «Մենք պետք է կարողանանք քաղաքական կոռուպցիայի վերացմանն ուղղված արդյունավետ հակակոռուպցիոն կառուցակարգեր ներդնել։ Մյուս կարևոր խնդիրը մեր քաղաքացիների հակակոռուպցիոն կրթությունն է և հակակոռուպցիոն ընկալման մակարդակի բարձրացումը։ Մենք պետք է համատեղենք մեր ուժերը, որպեսզի ի վերջո Հայաստանում ունենանք հակակոռուպցիոն կրթության համապարփակ ծրագիր»,- շեշտեց պարոն Զադոյանը։
Շնորհավորելով հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ չի կարող իր առջև դրված խնդիրները լուծել՝ առանց քաղաքացիական հասարակության մասնակցության։ Այս սկզբունքից ելնելով կուսակցությունը որոշել է համագործակցել կոալիցիայի հետ։ Էդմոն Մարուքյանը նաև փաստեց, որ մեր երկրի զարգացման հիմնական խոչընդոտը կոռուպցիան է․ «Երբ մեզ ասում են, թե ունենք չլուծված կոնֆլիկտ, փակ սահմաններ, ծով չունենք և նման այլ բաներ, ես կարծում եմ՝ առաջին հերթին մեզ խանգարում է Հայաստանում առկա կոռուպցիան, որը երկար տարիների ընթացքում դարձել է համակարգված մի գործիք, որը հնարավորություն չի տալիս տնտեսության զարգացմանը»,- ընդգծեց կուսակցության ղեկավարը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014թ.-ին: Հակակոռուպցիոն կոալիցայի առաքելությունն է նպաստել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրմանը, կառավարության հակակոռուպցիոն ծրագրի հանրային վերահսկողության իրականացմանը, հասարակության հակակոռուպցիոն ընկալման և իրազեկության բարձրացմանը: Հակակոռուպցիոն կոալիցիան միավորում է շուրջ 80 ՔՀԿ-ների:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հիմնադրվել է 2015թ.-ին, որի տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, որտեղ մարդը ոչ թե միջոց է, այլ նպատակ:
Նմանատիպ նյութեր
2310 դիտում
22:26 07-12-2018
Հակակոռուպցիոն բարեփոխումների իրական նախաձեռնողը Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1225 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4696 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած