Լարս ավտոճանապարհի փակվելու պատճառով 18 օր Աբխազիայում մնացած հայ երեխաները վերադարձան Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անհամբեր, սպասողական և ուրախ հայացքներ. րոպեներ անց վայրէջք պիտի կատարեր Կրասնոդարից Երևան ժամանող ինքնաթիռը: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աջակցությամբ Երևան էին վերադառնում հյուրախաղերով Աբխազիայում գտնվող երեխաները, ովքեր Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակվելու պատճառով նախատեսված 10 օրվա փոխարեն այնտեղ էին մնացել 18 օր:
Չնայած Լարսի անցակետը ժամային որոշակի սահմանափակումով արդեն գործում է, սակայն, ինչպես նախարարությունը խոստացել էր, հնարավոր անհարմարություններից խուսափելու համար երեխաների վերադարձը կազմակերպվեց ինքնաթիռով։
Երեխաների ժպիտները տեսնելուն պես վերանում է ծնողների անհանգստությունը, ովքեր շտապում են գրկելու իրենց երեխաներին:
Խմբի ղեկավար Լիլիթ Մովսիսյանը նշում է, որ ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված. «Ես իհարկե գոհ եմ թե´ ծրագրից, թե´ երեխաներից, թե´ եղանակից։ Իհարկե, ամենամեծ շնորհակալությունը մեզ ընդունող կողմին, ովքեր շատ լավ մեզ դիմավորեցին, պահեցին։ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, մեր նախարարությունը միահամուռ ուժերով արեցին ամեն ինչ, որպեսզի մենք կարողանանք երեխաների և´ հանգիստն ապահովել և´ հաջող գալ, տուն հասնելը»: