1421 դիտում
20:46 01-07-2016
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան կոնֆերանսին
Հունիսի 28-ից 30-ը Վիեննայում անցկացվեց ԵԱՀԿ 2016թ. Անվտանգության վերանայման տարեկան կոնֆերանսը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունը ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ:
Կոնֆերանսի բացման նիստում ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ողջունեց գլխավոր բանախոս՝ 1996թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր և Արևելյան Թիմորի նախկին նախագահ Ժոզե Ռամուշ - Օրթային, ով իր ելույթում ներկայացրել էր ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար և համընդհանուր սկզբունք։ Փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ ինքնորոշման իրավունքի դեմ ուժի կիրառումը Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ հանձնառությունների կոպիտ ոտնահարում է, և որ ԵԱՀԿ մասնակից երկրների կողմից ստանձնած հանձնառություններն ու սկզբունքները չպետք է դառնան տարընթերցման առարկա, այլ պետք է լիարժեքորեն իրականացվեն: Որպես առաջնային սկզբունք առանձնացվեց ուժի չկիրառումը, որի վրա էլ խարսխված է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը:
Աշոտ Հովակիմյանը ընդգծեց, որ ուժի կիրառումը չի կարող արդարացում ունենալ, հատկապես այն հակամարտությունների համատեքստում, որոնց կարգավորման շուրջ ընթանում են համաձայնեցված ձևաչափով բանակցություններ։ Փոխնախարար Հովակիմյանը հատուկ ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը պետք է խստորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից: Կարևորվեց 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգումը, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև մատնանշվեց, որ ադրբեջանական կողմի հայտարարությունները չեն վկայում խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու և ուժի հետագա կիրառումը բացառելու Ադրբեջանի մտադրության մասին:
ՀՀ փոխարտգործնախարարը ելույթ ունեցավ նաև ԵԱՀԿ տարածաշրջանում Հակամարտությունների իրավիճակների անվտանգության հարցերին նվիրված նստաշրջանում: Աշոտ Հովակիմյանն իր ելույթում նշեց, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը լուրջ վտանգ է հանդիսանում տարածաշրջանային անվտանգության համար: Փոխնախարարը կարևորեց Ադրբեջանի կողմից Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների անվերապահ իրականացումը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն է արգելափակում ԵԱՀԿ գերմանական նախագահության առաջարկությունն՝ ուղղված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնմանը: Աշոտ Հովակիմյանի խոսքում ընդգծվեց, որ Սանկտ-Պետերբուրգի հանդիպման նախօրեին շփման գծի մոտակայքում Ադրբեջանի կողմից առանց նախնական ծանուցման մեծածավալ զորավարժությունների անցկացումը կասկածի տակ է դնում անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման ուղղությամբ ադրբեջանական կողմի պատրաստակամությունը:
Մերձավորարևելյան ճգնաժամի համատեքստում փոխնախարար Հովակիմյանը մտահոգություն հայտնեց Սիրիայում և Իրաքում կրոնական փոքրամասնությունների դեմ շարունակաբար իրագործվող վայրագությունների կապակցությամբ: Նշվեց, որ քրիստոնյաների և եզդիների դեմ սանձազերծված ոճրագործությունները ԵԱՀԿ մի շարք երկրների կողմից որակվել են որպես ցեղասպանություն: Այս կապակցությամբ ընդգծվեց, որ ԵԱՀԿ մասնակից ցանկացած երկրի կողմից ոճրագործներին տրամադրվող աջակցությունը պետք է որակվի որպես հանցակցություն՝ համաձայն «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի դրույթների:
Նմանատիպ նյութեր
6969 դիտում
22:13 30-06-2017
Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան կոնֆերանսին
5018 դիտում
19:41 30-06-2018
ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է ԵԱՀԿ 2018թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին
2161 դիտում
22:48 23-06-2020
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ԵԱՀԿ 2020թ. Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին