211652_close_icon
views-count3295 դիտում article-date 19:15 20-06-2016

Ամփոփվել են «Հնչում է Երևանը» խորագրով մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները

«Արամ Խաչատրյան» համերգասրահում ամփոփվել է «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում «Հնչում է Երևանը» խորագրով անցկացված` Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնը: Փառատոնի արդյունքներով` լավագույն տասնյակը գլխավորել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը։ 2-րդ և 3-րդ տեղերում Սայաթ-Նովայի անվան և Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցներն են: 4-10-րդ հորիզոնականներն զբաղեցրել են Ղազարոս Սարյանի անվան արվեստի, Արմեն Տիգրանյանի և Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցները, Ավետ Տերտերյանի անվան արվեստի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի և Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական և Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցները: Լավագույնը ճանաչված տասը դպրոցներն ամփոփիչ գալահամերգում պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով: Առաջատար եռյակին պատվոգրերը, խորհրդանշական արձանիկ-մրցանակները դպրոցներին է հանձնել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետի անունից ողջունելով և շնորհավորելով բոլոր մասնակիցներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ քաղաքապետարանը, վերջին տարիներին որդեգրած ծրագրային քաղաքականությամբ, շարունակելու է երաժշտական ու արվեստի դպրոցների նկատմամբ հատուկ ուշադրությունը; «Անկախության 25 տարիների ընթացքում հանրապետության ողջ տարածքում մենք ականատես եղանք մշակութային բազմաթիվ կենտրոնների փակման, սակայն մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցներից և ոչ մեկը այս տարիների ընթացքում չդադարեցրեց իր գործունեությունը և շարունակեց կրթել արվեստասեր սերունդ: Տաղանդավոր այս երեխաները մեր երկրի ապագան են, նրանցով է ապահովվելու մեր մշակութային լինելիությունն ու աշխարհում հայկական մշակույթի ընկալվածությունը: Մեր պարտքն է ուշադիր լինել, հղկել և խրախուսել մեր երեխաների մեծ հակումները: Փառատոները ոգևորիչ են, ստուգատեսները՝ կարևոր: Մենք շարունակելու ենք ջանքեր ներդնել, որ քաղաքապետարանի ենթակայութան դպրոցները մշտապես ունենան իրենց առանձնահատուկ դերը երևանյան մշակութային կյանքում»,-նշել է Արամ Սուքիասյանն ու հավելել, որ արդեն նոր ուսումնական տարում դպրոցները կհամալրվեն երաժշտական նոր գործիքներով: Մայիսի 11-23-ն անցկացված մրցույթը 10 անվանակարգով էր՝ դաշնամուր, լարային, հարվածային, փողային գործիքներ, ազգային նվագարաններ, մեներգեցողություն, երգչախումբ, դասական համույթներ, սոլֆեջիո-թելադրություն և երաժշտական գրականություն: Լսումներին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի բոլոր դպրոցների ավելի քան 1500 աշակերտ: Մասնակիցներին գնահատել է հեղինակավոր երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրին: Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 9-րդ մրցույթ-փառատոնի «Տարվա հայտնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնակահար Հարություն Մելիքյանը: Այս տարի առաջին անգամ փառատոնում տեղ է գտել նաև ոչ մրցութային «Մենակատարներ» անվանակարգը, որում լավագույնս ներկայացած ավելի քան 10 մասնակցիներ հնարավորություն կունենան հուլիսի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում ելութ ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նմանատիպ նյութեր